Հերքելով Սերժ Սարգսյանին. Հայաստանի բնակչությունը հազիվ 3,2 միլիոնի հասնի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակչությունը 2040 թվականին 4 միլիոնի հասցնելու՝ Սերժ Սարգսյանի խոստումն ընդունվեց քամահրանքով. շատ-շատերը չհավատացին, իսկ մասնագետներն էլ իրենց վերլուծություններում էին պնդում, որ Ս. Սարգսյանին չի հաջողվի իրագործել նաեւ այս խոստումը, գոնե Հայաստանի ներկայիս պայմաններում: Դեռ ավելին՝ այդ հայտարարություններին հաջորդած ամիսների ժողովրդագրական տվյալներն էլ իրենց հերթին են փաստում՝ բացասական ընթացքը ոչ միայն կանգ չի առել, այլեւ գնալով միայն խորանում է. արտագաղթը շարունակվում է, ծնելիության ցուցանիշները գնալով նվազում են եւ այսպես շարունակ:

Որ Հայաստանի բնակչությունն առաջիկա 23 տարում չի հասնի 4 մլն-ի, հիմնավորում են նաեւ միջազգային կառույցները: Մասնավորապես ՄԱԿ-ը հրապարակել է «Անջատ աշխարհ․ վերարտադրողական առողջությունը եւ իրավունքները անհավասարության դարում» զեկույցը:

Երեկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ներկայացնելով այդ զեկույցը, ասել է, թե ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2035 թվականին վատթարագույն դեպքում կլինի 2.5-2.6 միլիոն, լավագույն դեպքում՝ 3.2 միլիոն: «Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Բայց իսկապես սա շատ ամբիցիոզ հայտարարություն է… Դրա համար մենք հենց երեկվանից պետք է սկսեինք լուրջ ներդրումներ անել այդ ուղղությամբ: Փառք Աստծու, մենք արդեն ունենք ուսումնասիրված լավագույն փորձը աշխարհում․ որտեղ է աշխատել, որ, օրինակ, ծնելիությունը բարձրացել է վերջին 20-25 տարիներում, դա ավելի շատ Սկանդինավյան երկրներն են»,- կարծիք է հայտնել ՄԱԿ ներկայացուցիչը:

Նկատենք, որ միջազգային կառույցներն ունեն կանխատեսումների իրենց մեթոդաբանությունը՝ վերլուծությունների հիմքում դնելով կոնկրետ փաստեր: Եւ այդ վերլուծությունները ցույց են տալիս, որ հեռավոր ապագայում Հայաստանի բնակչությունը չի հասնի 4 միլիոնի:

Լավ կլիներ, եթե իշխանություններն էլ իրենց հերթին մանրամասնեին, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա են պնդում բնակչության թվի ավելացման մասին. ի վերջո, միայն սփյուռքահայերին խնդրել, որ վերադառնան հայրենիք, բնակվեն այստեղ, դեռ երաշխիք չէ: Երաշխիք չեն նաեւ պոպուլիստական հայտարարությունները ծնելիության բարձրացման, արտագաղթի կրճատման եւ կյանքի տեւողության երկարաձգման մտադրությունների մասին: Հայաստանում պետք են ռեալ բարեփոխումներ, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում:




Լրահոս