Քաղաքացիների` հանրաքվե կազմակերպելու ձևական իրավունքը. կառավարությունը տարբեր խոչընդոտներ է հարուցել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին եւս հանրաքվեի դնել օրինագծեր: Քաղաքացիներին նման իրավունք վերապահելու պատճառն էլ նոր Սահմանադրությունն է. հիշում եք՝ հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում իշխանություններն ինչպիսի խանդավառությամբ էին փորձում գովազդել այս դրույթը՝ այն ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված լրջագույն քայլ:

Միայն թե, ի սկզբանե պարզ էր, որ այս ամենն ընդամենը շոու է, իսկ քաղաքացիներին տրված իրավունքը՝ ձեւական. երեկ այդ կասկածները հաստատվեցին նոր օրենքի նախագծի հրապարակմամբ: Նախ՝ նման հանրաքվեներ նախաձեռնելու համար բավական բարդ ընթացակարգ է սահմանված, եւ հետո՝ կան օրենքներ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրավունք չունեն հանրաքվեներ կազմակերպել:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, հանրաքվեի միջոցով չեն կարող կարգավորվել բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, պետության անվտանգության հետ կապված հարցերին, համաներմանը, միջհամայնքային միավորումներին եւ երկրի վարչատարածքային բաժանմանը, նախարարությունների քանակին եւ կառավարության գործունեության կարգին վերաբերող հարցերը:

Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա նա տեղեկացրել է. «Գաղափարը հետեւյալն է, որ 50 հոգանոց նախաձեռնող խումբ կարող է ստեղծվել, որը գրանցվում է որպես նախաձեռնող խումբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որից հետո սկսվում է ստորագրությունների հավաքման գործընթացը: Ստորագրությունների քանակը հստակորեն նախատեսված է Սահմանադրությամբ:

Փուլ, որը նախատեսում է ստորագրությունների վավերացման ստուգում եւ հետագա գործընթացը՝ հանրաքվեի հետ կապված»: Նա նաեւ նշել է, թե քաղաքացիական նախաձեռնությունների կողմից ներկայացված օրենքի նախագծերը կարող են դրվել հանրաքվեի, եթե դրա ընդունումը Ազգային ժողովի կողմից մերժվել է:

Դրանից հետո ընտրելու իրավունք ունեցող 300 հազար քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: Այնուհետեւ նախագիծը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, եւ միայն Սահմանադրությանը չհակասելու դեպքում նախագահի կողմից այն դրվում է հանրաքվեի:

Առաջին հայացքից տպավորություն է, թե ամեն ինչ հստակ կանոնակարգված է: Բայց եթե փորձում ենք մտովի պատկերացնել, թե ինչ հարցերի շուրջ եւ ինչպես կարելի է հանրաքվե կազմակերպել, միանգամից պարզ է դառնում՝ ՀՀ քաղաքացիների՝ պետության կառավարման վրա ազդեցության հնարավորությունները սահմանափակ են:




Լրահոս