«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական քննարկումներ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային փորձագետների և այլ անձանց մասնակցությամբ:
Այն ներկայացվել և քննարկվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման շրջանակներում:
Մասնագիտական քննարկումների արդյունքում առանձնացվել են նախագծի վերաբերյալ ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել նախագծերի փաթեթի լրամշակման ընթացքում:
Մասնավորապես՝ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել է կամավոր աշխատանքների հետ կապված ծախսերի փոխհատուցումները՝ եկամտային հարկով հարկելու խնդիրը:
Այս խնդրի օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով նախագծերի փաթեթում ներառվել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկվել է կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները լրացնել նվազեցվող եկամուտների ցանկում:
Ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծում, որպես կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառ, նախատեսվել են նաև գյուղատնտեսության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառները:
Նախագծերի փաթեթից հանվել են ««Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և արխիվացման հետ կապված կարգավորումները՝ կամավորական գործունեության համար լրացուցիչ վարչական բեռը թեթևացնելու նպատակով:
Նախագծի լրամշակման ընթացքում ընդունվել և հաշվի են առնվել նաև այլ առաջարկություններ, իսկ որոշ առաջարկություններ դեռևս գտնվում են քննարկման փուլում:
Նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական փորձագիտական եզրակացության: