Հայաստանը` կռվախնձոր գերտերությունների շահերի բախման կիզակետում. ի՞նչ էր ակնարկում Լեհաստանի ԱԳ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիի` Երեւանում արած հայտարարություններից՝ Հայաստանին առաջիկայում նոր փորձություններ են սպասվում: Ընդգծելով, որ ինքը Հայաստան է եկել ոչ միայն որպես Լեհաստանի արտգործնախարար, այլեւ որպես ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Վաշչիկովսկին խոսել է ՀՀ-ՆԱՏՕ եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին: Նա ասել է, թե շուտով կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, եւ Կովկասում անվտանգության խնդիրները եւս իրենց հետաքրքրում են:

«Մենք նաեւ քննարկեցինք անվտանգության խնդիրներ: Հաջորդ տարի, հավանաբար մայիսին, տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Այժմ ՆԱՏՕ-ն աշխատում է՝ հիմք ընդունելով 360 աստիճանի մոտեցումը, այլ կերպ ասած՝ դիտարկում է սպառնալիքները եւ մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես այստեղ եմ նաեւ այն բանի համար, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների տեսակետները Կովկասում անվտանգության իրավիճակի վերաբերյալ»:

Բացի այդ, Վաշչիկովսկին կարեւորելով ԵՄ ԱԳ առաջիկա գագաթնաժողովը՝ ակնարկել է Հայաստանի` ԵՄ անդամ դառնալու հեռանկարների մասին: «Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները, եւ հուսամ՝ նաեւ Հայաստանի ցանկությունները: Նաեւ այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արեւելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար»,- ասել է Վաշչիկովսկին:

Ինչպես հիշում եք՝ 2013թ. սեպտեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարեց եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու եւ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին: Ասել է, թե այդ որոշումը թելադրված էր ՌԴ-ից, քանի որ պաշտոնական Մոսկվան չի ցանկանում Հայաստանը վերահսկողությունից դուրս տեսնել:

Հիմա Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները կարող են ՌԴ-ին գրգռելու առիթ հանդիսանալ, երբ ակնարկում են Հայաստանի` ԵՄ անդամակցության հեռանկարների մասին: Պարզ է, որ ՌԴ-ի համար անցանկալի է նման հեռանկարը, եւ հնարավոր բոլոր միջոցներով կպայքարի այդ հեռանկարի դեմ: Արդյունքում Հայաստանը հերթական անգամ կհայտնվի գերտերությունների շահերի բախման կիզակետում:




Լրահոս