Ստորագրվել է «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի եռակողմ հուշագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցել «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:
Համաձայն հուշագրի Երևանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պատրաստակամություն է հայտնել «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի միջոցով կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների և առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։


Համագործակցության հուշագիրը ստորագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ն, իր հերթին, սոցիալական ներդրումների իր ծրագրի շրջանակներում, կաջակցի «Երևան` խելացի քաղաք» նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք, նորարարական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքների ստեղծման միջոցով, կնպաստեն Երևան քաղաքի հետագա զարգացմանը։


«Ժամանակակից քաղաքն անհնար է պատկերացնել առանց արդի տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքի: Դժվար է գերագնահատել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ հանձին նախագահ Արմեն Բալդրյանի, հուշագրի ստորագրման շրջանակներում իր պատրաստակամությունն է հայտնել միության անդամների միջոցով մասնակցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին, ինչպես նաև աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր այն միջոցառումներին, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նորարարական լուծումների կիրառմանը։


Մեծապես կարևորելով Երևան քաղաքի ենթակառուցվածքների հետագա արդիականացումը և քաղաքի միջազգային վարկանիշի բարձրացումը՝ կողմերը կհամագործակցեն տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական լուծումների մշակման և կիրառման ոլորտում:




Լրահոս