Ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող և պատմամշակութային արժեքներով հարուստ Վայոց Ձորի սահմանամերձ Մարտիրոս գյուղը 1990-ական թվականներից մնացել էր մութ փողոցներով: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ իրավիճակն արմատապես փոխվել է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, դեռևս 2016թ.-ի աշնանը Մարտիրոսում տեղակայվել էր 52 LED լուսարձակ՝ լուսավորելով 1716մ երկարությամբ տարածք։ Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է ևս 38-ով, ինչի արդյունքում լուսավորվել է գյուղն ամբողջությամբ։
Լուսավորվել է նաև հին գյուղի տարածքը, որտեղ գործող եկեղեցին այսօր էլ այցելուներ ունի:
Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և գյուղի բնակիչները:
«Ժամանակի և հանգամանքների բերումով՝ մայրաքաղաքի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջև մեծ տարբերություն է արձանագրվել: Դա խանգարում է երկրի համաչափ զարգացմանը: Գործընկեր կառույցի հետ՝ տարբեր ծրագրերով, տարիների մեր ջանքերն ուղղել ենք մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Ուրախ ենք արձանագրել, որ այս գյուղում ևս արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը: Դա ամենակարևոր, սակայն միակ առավելությունը չէ. համայնքում Էներգախնայող համակարգի տնտեսական արդյունավետությունը կարող են գնահատել առաջիկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով նվազեցնում է էներգիայի ծախսը՝ թեթևացնելով համայնքի ֆինանսական բեռը: Տնտեսված գումարները կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների կարգավորմանը:
Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: