Ոստիկանության կոլեգիայի երեկվա նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությունները բավական կոշտ էին: Ճիշտ է, իր ելույթի սկզբում Ս. Սարգսյանն էլ է ասել, թե ոստիկանները վերահսկում են օպերատիվ իրավիճակը եւ խուճապի մատնվելու որեւէ պատճառ չկա: Բայց դրանից հետո բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության աշխատաոճի վերաբերյալ՝ դժգոհելով նրանց անգործությունից: Նախ նա խոսել է հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտության մասին, հետո անդրադարձել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման անհրաժեշտությանը. «Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսեւորումներ: Ապօրինի պահվող հրազենը եւ զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն եւ առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը եւ իմ հանձնարարությունը»,- ասել է Ս. Սարգսյանը:
Բայց Ս. Սարգսյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել հետախուզվող անձանց ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտության մասին եւ ոստիկանությանը մեղադրել այս հարցում անգործություն ցուցաբերելու մեջ: Մի քանի մեջբերում. «Հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: …Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: …Նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: …Հանցագործներն ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Սա անթույլատրելի է»:
Հետաքրքիր է՝ արդյո՞ք իրավիճակն այսքանից հետո կփոխվի, եւ Սերժ Սարգսյանն արդյո՞ք մինչեւ վերջ հետամուտ կլինի իր հանձնարարականները կատարելու հարցում, թե այս ամենը ընդամենը շոու էր՝ պատրաստելու կադրային փոփոխություններ ոստիկանության վերնախավում: Մեկ ուշագրավ փաստ էլ. քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ նիստի ժամանակ էլ Ս. Սարգսյանը հանձնարարականներ էր տվել իրավապահներին, բայց այստեղ էլ սայլը տեղից չի շարժվում: