Սա հարված է իմ երկրին, իմ ընտանիքին, իմ զավակին․ Նարբե Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Daily Mail-ում հոդված է հրապարակվել այն մասին, որ Հայաստանում արջերին ռեստորանների բակում պահում են վանդակների մեջ: Հոդվածին կից տեղադրվել են դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանեկան լուսանկարները՝ որդու հետ։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարբեն վստահություն հայտնեց՝ եթե իրենք հայտնի անձինք չլինեին, այս թեման նման հնչեղություն չէր ստանա։ Նրա համոզմամբ՝ իրենց անունները պարզապես շահարկվել են լրագրողների կողմից. «Daily Mail-ի լրագրողները պարզապես մոտեցան ինձ եւ խնդրեցին լուսանկարել՝ առանց զգուշացնելու՝ կոնկրետ ինչի համար են անում դա: Նրանք ասացին, որ իրենց պարզապես երեւանյան լուսանկար է պետք։ Ի դեպ, լրագրողները մոտեցան նաեւ կողքի սեղանին, որի շուրջ նստած էին արտասահմանցիներ։ Վերջիններս հրաժարվեցին լուսանկարվել։ Այդպիսով՝ մենք չմերժեցինք, բայց այդ լուսանկարները հայտնվեցին բնապահպանական թեմա արծարծող նյութի ներքո։ Սա անարդար քայլ է։ Ես պարբերականին զգուշացրել եմ անհապաղ հեռացնել մեր լուսանկարները։ Եթե պահանջս չկատարվի՝ կդիմեմ դատարան»։

Հարցին, թե պատրաստ է արդյո՞ք ընկնել դատական քաշքշուքի մեջ, Նարբեն պատասխանեց. «Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի, բայց ես թույլ չեմ տա ինձ հետ այդպես վարվել, անիմաստ հայտնվեցինք ուշադրության կենտրոնում, մեր անձը դարձավ քննարկման թեմա»։ Նա նշեց, որ այդ հարցով անընդմեջ զանգահարում են լրագրողներ, բարեկամներ, ծանոթներ, եւ դա արդեն նյարդայնացնում է իրեն, սթրեսի ենթարկում. «Սա հարված է իմ երկրին, իմ ընտանիքին, իմ զավակին»,-շեշտեց դերասանը։ Հարցին, թե ինչ է մտածում արջին ռեստորանի բակում պահելու վերաբերյալ, Նարբեն պատասխանեց.«Որ գնում եք մի տեղ, ձեր կողքին ակվարիում է լինում, մտածու՞մ եք՝ այդ ձկները սովա՞ծ են, թե՞ ոչ։Դա, առհասարակ, իմ քննարկելու թեման չէ»։

Աննա Բաբաջանյան




Լրահոս