Ուսումնառության նպատակով տարկետումը վերացնում են նրանք, ովքեր ժամանակին օգտվել են այդ իրավունքից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ հեղինակած «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, դրանից, այնուամենայնիվ, օգտվելու դեպքում ժամկետային զինծառայությունը սահմանելով 3 տարի՝ դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: Օրինագծին դեմ են ե՛ւ գիտական շրջանակները, ե՛ւ բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի զգալի մասը եւ ուսանողները: Ավելին՝ երեկվանից ուսանողները դասադուլ էին հայտարարել, եւ երբ խորհրդարանում քննարկվում էր նախագիծը, նրանք ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույց էին կազմակերպել:

Եթե այս նախագիծը պաշտպանում է Սերժ Սարգսյանը, միանգամայն նորմալ է. ի վերջո, նախօրեին նա բերեց սեփական օրինակը, երբ երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, այնուհետեւ վերադարձել ու շարունակել է ուսումը:
Բայց անհասկանալի է, որ այս նախագիծը հեղինակել եւ խորհրդարանում երեկ կրծքով պաշտպանում էին մարդիկ, որոնք չեն ծառայել զինված ուժերում՝ օգտվելով հենց ուսումնառության նպատակով տարկետում ստանալու իրավունքից:

Եւ այսպես՝ ժամանակին ուսումնառության նպատակով տարկետում է ստացել այս նախագծի հեղինակը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. նա սկզբում ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ծառայության հյուսիսարեւմտյան ակադեմիան, հետո սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում, հետո ԱՄՆ-ում: Նույնկերպ տարկետում ստացել է ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ սովորելով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, հետո ընդունվելով ասպիրանտուրա:

ՀՀ կառավարության անդամների, պատգամավորների, պաշտոնյաների զգալի մասը եւս չի ծառայել բանակում՝ հենց ուսումնառության նպատակով ստանալով տարկետում. այդպես են վարվել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Ֆարմանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ էլի շատ-շատերը: Ու հիմա հետաքրքիր է՝ այսքանից հետո նրանք ինչպե՞ս են կողմ արտահայտվում այս օրինագծին: Թե՞, այնուամենայնիվ, իշխանական վերնախավում համոզված են, որ ինչ թույլատրված է եղել իրենց, արգելված է հասարակ մահկանացուների համար:
Չնայած, եթե հաշվի առնենք փաստը, որ նույն այդ անձինք ԶՈՒ-ում չծառայելով հանդերձ զինվորական պարգեւներ են ստացել, կարելի է այս ամենը հասկանալ: Ծուռ հայելիների թագավորության կանոնն այսպիսին է:




Լրահոս