Կարող է և չստորագրե՞ն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը կարծես կրկին հարցականի տակ է: Համենայն դեպս, կան նման կասկածներ՝ չնայած այն բանին, որ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Երեկ, երբ ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին հարցրին՝ ի վերջո, նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ, նա հստակ պատասխան չի տվել, բայց եւ ակնարկել է. «Շատ կարեւոր է խաղալ խաղը մինչեւ եզրափակիչ սուլոցը, որը կտրվի նոյեմբերի 24-ին»:

Մյուս կողմից Աշոտյանը նշել է, թե պետք չի գերագնահատել այդ փաստաթուղթը. «Գեղեցիկ է ստորագրվելիք փաստաթուղթը եւ կարեւոր է, բայց ավելորդ լուսավորություն, փայլեր եւ բան հաղորդելը, Christmas Tree /տոնածառ/ սարքելը նույնպես, կարծում եմ, ճիշտ չէ: Որովհետեւ մեծացնում ենք նաեւ ակնկալիքները մեզանով, որոնք հետո չեն բավարարվելու, եւ ասենք՝ եվրոպական ուղղությունը տապալվեց»:

Նկատենք՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «տոնածառ սարքողներից» մեկն էլ հենց իշխանությունն է եղել, եւ մինչեւ վերջերս ՀՀԿ-ի «եվրոպականացված» հատվածն առանձնահատուկ պատկառանքով էր խոսում այդ փաստաթղթի մասին: Մինչդեռ հիմա Աշոտյանը կոչ է անում մեծ ակնկալիքներ չունենալ: Իսկ իշխանությունների՝ տոնայնության նման փոփոխությունն ինքնին լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Առավել եւս, երբ մյուս կողմից էլ խոսվում է այն մասին, որ ԵՄ անդամ երկրները, որոնք առանձին-առանձին իրենց խորհրդարաններում հաստատելու են այս համաձայնագիրը, կարող է՝ ձգձգեն գործընթացը: Ասել է, թե իշխանությունները հասարակական կարծիքը կամաց-կամաց սկսել են նախապատրաստել իրադարձությունների կտրուկ շրջադարձի:

Չնայած, հիշեցնենք, այս տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չստորագրելու որեւէ պատճառ չունենք: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նույն հավաքի ժամանակ իր հերթին էր պնդել, թե ՀՀ-ն գնում է փաստաթղթի ստորագրման. «Հնարավո՞ր է, որ զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի, այս պահին չեմ տեսնում, բայց դա մի պրոցես է, որը բանակցություններ են, այդ իսկ պատճառով հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞ չէ, շատ հաստատակամ գնում ենք»։




Լրահոս