ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է կարողանանք բանակը հետ պահել փողոցային մտածելակերպից. Սամվել Նիկոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արական սեռի ներկայացուցիչները մինչեւ ասպիրանտուրա շարունակում են կրթությունը հիմնականում հենց զինվորական ծառայությունից խուսափելու համար:

-Պարո՛ն Նիկոյան, Ձեր ելույթում նշեցիք, թե այս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հնարավորություն կտա վերացնել կոռուպցիոն սխեմաները: Սակայն միեւնույն ժամանակ տեսակետ կա, թե տարկետման խստացմամբ էական վնաս է հասցվելու գիտությանը: Համակարծի՞ք եք:

-Առաջնային խնդիրը, որ լուծում է այս օրենքը, արդարության եւ հավասարության սկզբունքի ներդրումն է: Հասարակության մեջ կա այդ բողոքը, այդ խնդիրը, դահլիճում շատերը բողոքում, ասում են, որ մեր բանակը դարձել է բանվորագյուղացիական:

Բոլորը քննադատել եւ ասել են, որ այդ տարկետումից հիմնականում օգտվում են իշխանավորների երեխաները, հիմա մենք ասում ենք, որ Ձեր ասածով բարեփոխում ենք եւ դնում ենք հավասարության սկզբունքը, որ բոլորը պետք է ծառայեն: Ինչ վերաբերում է գիտությանը վնաս հասցնելուն, ես մեկ օրինակ բերեմ. ուսումնասիրեք սպիրանտուրայի առկա ուսուցման սեռային պատկանելիությունը, միայն տղաներ են: Ինչի՞ համար է դա: Նայեք, դրանից հետո քանիսն են զբաղվել գիտությամբ: Ստացվում է, որ հաճախ այդ հարթակն օգտագործվում է ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ բանակից խուսափելու համար:

-Իսկ համակարծի՞ք եք, որ այս օրենքով փորձ է արվում լուծել նաեւ ժողովրդագրական խնդիրներ:

-Անկեղծ ասած, դա ես երկրորդական եմ համարում: Այս օրենքն այդ խնդիրը չի լուծում: Ես չեմ կարծում, որ սա Ձեր ասած ժողովրդագրական խնդիրների լուծմանն է միտված լինելու: Ըստ էության նույն ռեսուրսն է, շատ բան չի փոխվելու:

-Սերժ Սարգսյանը նախօրեին նշեց, թե պետք է բանակի արդիականացման նոր ծրագիր մշակել, որպեսզի 7 տարի անց նոր որակի բանակ ունենանք: Ի՞նչ առաջնային խնդիրների մասին է խոսքը:

-Այս օրենքները, որ մենք բերում ենք, լուծման քայլերից մեկն է: Պետք է հնարավորություն տանք, օժանդակենք, որ դա զարգանա: Պետք է այնպես անել, որ հասարակության մեջ բարձրանա բանակի հանդեպ վստահությունը, այդպես կկարողանանք լուծել շատ խնդիրներ, այդ թվում` կանոնադրական հարաբերությունների հետ կապված` սկսած զինվոր-սպա, վերջացրած զինվորների փոխհարաբերություններից: Ամենակարեւորն այն է, որ պետք է կարողանանք բանակը հետ պահել փողոցային մտածելակերպից:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս