Հայաստանում գործարար մշակույթի պատասխանատու մոդել առաջարկած ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երիտասարդությանը՝ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ընկերությունը նպաստում է նաև աշխատանքային քաղաքակիրթ արժեհամակարգի տարածմանը: Տարիքային տարբեր լսարանների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներն այդ նպատակի իրագործման ուղիներից են:
Հայաստանում բջջային կապի զարգացման պատմությանն ու այդ ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արձանագրած առաջատարության գաղտնիքներն այս անգամ բացահայտել են Շիրակի մարզի Ամասիա գյուղի երիտասարդները: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ «բաց դռների օր» միջոցառման ընթացքում, նրանք ծանոթացել են բիզնեսում կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկությունների և դրա երկարաժամկետ դրական ազդեցությանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր շրջայց: Աշակերտները եղել են ընկերության զանգերի և սպասարկման կենտրոններում: Իսկ ընկերության գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:
«Բիզնեսի հաջողությունը սկսվում է կառավարման մոդելի և աշխատակիցների ճիշտ ընտրությունից: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ցանկություն, քրտնաջան աշխատանքի վճռականություն, հարգել օրենքը, հետևել ազնիվ մրցակցությանը և հանրությանն առաջարկել նոր լուծումներ: Մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը ընկերության հաջողությանը զուգահեռ՝ իր գործունեությամբ նպաստում է նաև երկրի տնտեսության և հասարակության զարգացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Երիտասարդության հետ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ փորձի փոխանակման, անհրաժեշտ վերլուծության և հաջողված օրինակով առաջնորդվելու համար: