ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «ՊրոԱրտ» ընկերության գործակցության արդյունքում ստեղծված և ավստրիական ճանաչված SONY DADC ընկերության գործարանում հրատարակված՝ «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմն իր պատվավոր տեղն է գտել Դիլիջանի ամենահին շինություններից մեկում: 19-րդ դարում այն իշխանուհի Մարիամ Թումանյանի համար ծառայել է որպես ամառանոց, իսկ խորհրդային տարիներից՝ ստանձնել է ժողովրդական արվեստի պահպանման առաքելությունը, հետագայում վերածվելով Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ Դիլիջանի մասնաճյուղ-թանգարանի:
Այդ հարցում իր կարևոր ներդրում է ունեցել Վանից գաղթած, Դիլիջանի հին փողոցի նախագծման աշխատանքներին մասնակցած, վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, ում անունն էլ կրում է թանգարանը: Այսօր թանգարանը ստեղծագործական մտքերի քննարկման յուրօրինակ հավաքատեղի է դարձել Դիլիջանի ստեղծագործների համար:
Ութ ձայնասկավառակից բաղկացած, թվայնացված «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմը սերունդներին փոխանցվող ինքնատիպ ժառանգություն է: Այն դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի և ազգային երաժշտական ավելի քան 10 գործիքի համար գրված ստեղծագործությունների հավաքածու է:
Շուրջ 1000 օրինակով թողարկված ալբոմը ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և մասնավոր հավաքածուների հիման վրա, ալբոմի ստեծմանը մասնակցել են Հայաստանի լավագույն դիզայներները, թարգմանիչները, հնչյունային ինժեներները, երաժշտագետները և մշակութային գործիչները, իսկ ստեղծագործությունները ներկայացնում են հայտնի կատարողները:
Թանգարանի ցուցադրությունների շունչն ու ոգին լրացնող ազգային երաժշտությունը, կնպաստի նաև հայկական նվագարանների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և մարզում մշակութային կյանքի աշխուժացմանը: Ալբոմը նախատեսված չէ վաճառքի համար և տրամադրվելու է ազգային երաժշտության տարածմանն աջակցող հաստատություններին:
«Մշակույթը յուրաքանչյուր ազգի հոգևոր նկարագիրն է: Ժամանակին համահունչ լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է հնարավորության սահմաններում մաքուր պահել ազգը սնող աղբյուրը: Որքան էլ անսպասելի հնչի՝ այդ հարցում անչափ մեծ է մարզերի դերը: Մեր այստեղ լինելը պատահական չէ. եթե ձեզ հաջողվել է աչքի լույսի պես պահել 19-րդ դարի այս շինությունը և այն վերածել թանգարանի, ուրեմն ազգային գործիքների համար թվայնացված ալբոմն իր արժանի տեղն է գտել: Ստեղծված ձայնասկավառակներն իրական արժեք են, և հույս ունեմ՝ կծառայեն ազգային երաժշտության և արվեստի պահպանման նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ կողմերի գործակցության արդյունքում, նույն սկզբունքով ստեղծվել էին նաև «Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ», «Արամ Խաչատրյան-110», «Կոմիտաս-145» ալբոմները: Չորս ալբոմից կազմված թվայնացված ձայնասկավառակների հավաքածուն համալրել է Հանրային ռադիոյի ձայնադարանը: Գործակցող կողմերի որոշմամբ, թանգարանին նվիրվեցին թվարկված բոլոր ալբոմները:
Մշակույթի զարգացմանն ուղղված՝ վերը նշված ծրագրերի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 89 մլն. դրամի սոցիալական ներդրում: