ՖՈՏՈ. Հայաստանի 22 գետերի վրա կարգելվի ՀԷԿ կառուցել. ովքե՞ր են ՀԷԿ-երի տերերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի գործունեության արդյունքում աղետալի վիճակում են հայտնվել գետերը: ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառն այն է, որ դրանց կառուցման ու շահագործման արդյունքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:

Նոր օրինագիծ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Ըստ այդմ, կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը Հայաստանի 22 գետի վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ որոշման նախագծով նախատեսվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Կարճաղբյուրի (Մաքենիս), Մասրիկի, Վարդենիսի, Արգիճիի, Մարտունիի, Ձկնագետի, Հրազդանի, Աղստեւի, Ախուրյանի, Որոտանի, Արփայի, Ձորագետի, Եղեգիսի, Ազատի, Մարցի, Գոշի, Մեղրիգետի, Ողջի գետի Կապուտջուղ եւ Քաջարանց վտակների վրա:

Ովքե՞ր են ՀԷԿ-երի տերերը

Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված, կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր` հիդրոֆիտներ, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է:
Տեղեկացնենք, որ ռիսկային գոտում գտնվող Մարցի գետի վրա առաջին եւ ամենամեծ ՀԷԿ-ը 2011 թվականին է կառուցվել` Վանաձորի նախկին քաղաքապետի ու եղբոր` Սամվել եւ Սեյրան Դարբինյանների կողմից: Նրանք հավասարապես տնօրինում են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի բաժնեմասը:

Դաշնակցական ՀԷԿ-ը

Իսկ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Մարցիգետը սնուցող Սարաջուր վտակի վրա է կառուցել «Պոզիտրոն» ՀԷԿ-ը: Այն գործում է 2012 թվականից: Ընկերության բաժնետերերի գերակշիռ մասը դաշնակցականներ են: Այդ թվում ե՛ւ ՀՀ կրթության, ե՛ւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն է, ով ունի 20 տոկոս բաժնեմաս, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` 10 տոկոս, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը` 20 տոկոս: Նշենք, որ 25 տոկոսի սեփականատերը կանադահայ Հարայեր Սամուիել Սուղմունյանն է, 15 տոկոսի սեփականատերը` Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանը, իսկ «Արինվեստ Գրուպ» ՍՊԸ-ն ունի 10 տոկոս բաժնետոմս:

Մյուս գետը, որտեղ բնապահպանության նախարարությունը առաջիկայում կարգելի ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, Եղեգիսն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Եղեգիս գետի վրա կառուցված են ավելի քան 8 ՀԷԿ: Փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ Եղեգիս գետի վրա կառուցված ՀԷԿ-երը շահագործող ընկերությունները գրանցված են ՀՀ պետռեգիստրում: Այսպես` «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ-ը շահագործող «Սուրբ աղբյուր» ընկերության հիմնադիրն է Արշավիր Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի եւ մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է: Պետռեգիստրի տվյալներով` «Ալնարս» ՓՀԷԿ-ը շահագործող «Ալնարս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են` Արսեն Գաբրիելյանը, Նարեկ Մնացականյանը, Ալբերտ Մարգարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:

Նախկին վարչապետի ՀԷԿ-ը

Իսկ «Գողթանիկ» ՓՀԷԿ շահագործող «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ընկերության հիմնադիրն է Հայկ Սուվարյանը, «Եղեգիս-3» ՓՀԷԿ կառուցած «Սյունյաց Վոթ»-ինը` Նաիրա Սարգսյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` նշված անձինք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու փեսան են:


«Եղեգիս-1» ՓՀԷԿ կառուցած «Բազենք, ՓԲԸ-ի հիմնադիրները 4-ն են` Մելս, Հակոբ, Պարթեւ եւ Արմեն Հակոբյանները: Ի դեպ, այս ընկերությունը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Վերջինիս է պատկանում նաեւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ն, «Բազալտ» ՓԲԸ-ն եւ այլն: Ըստ որոշ տեղեկությունների` «Էլեգիս Հ.Է.Կ.» ընկերությունը նույնպես պատկանում է Հակոբյանների ընտանիքին: Սակայն պետռեգիստրում նշված է, որ ընկերության հիմնադիրն է Սյունիքի հասարակական բարեգործական կենտրոնը: Ահա, այս անձանց մեղքով է Եղեգիս գետի էկոհամակարգը վտանգվել:

Վահե Էնֆիաջյանի մայրը

ԲՆ-ն կարգելի նաեւ Հրազդան գետի վրա ՓՀԷԿ-երի հետագա կառուցումն ու շահագործումը: «Հովթեր» ՍՊԸ-ն Հրազդան գետի վրա մտադիր է ՀԷԿ կառուցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Արգել-1» անվամբ ՀԷԿ-ի կառուցման նպատակով ընկերությունը նախորդ տարի ԲՆ-ին է ներկայացրել ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, հիմնադիրն է Կարեն Համբարձումյանը: Բայց մամուլի հրապարակումների համաձայն`Կարեն Համբարձումյանի հետ միասին բաժնետեր է նաեւ Անահիտ Կարապետյանը, ով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրն է: Ի դեպ, Կարեն Համբարձումյանն էլ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:

Արփա գետը եւս բավականին ծանրաբեռնված է ՀԷԿ-երով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ Արփա գետի վրա արդեն իսկ գործում է երեք ՀԷԿ՝ «Արենի հէկ» ՓԲԸ-ն շահագործում է «Արենի» ՀԷԿ, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկի հիդրոտեխ, ՍՊԸ-ն` «Ջերմուկ ՀԷԿ-2»-ը, «Արփա էներգիա» ՍՊԸ-ն` «Արփա» ՀԷԿ-ը: Բացի սրանցից՝ «Ազատեկ ՀԷԿ» ՓԲԸ-ն շահագործում է նույնանուն ՀԷԿ-ը Արփա գետից սնվող Վայքի ջրանցքի վրա:
Իսկ եւս 3-ը, համաձայն ՀԾԿՀ-ի տվյալների, կառուցման փուլում են. «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ եւ Սպարտակ Առուստամյան եղբայրների մասկանցությամբ «Ջերմուկ տուրբշին» ՍՊԸ-ն կառուցում է ՀԷԿ: «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն կառուցում է «Արփա-3» ՀԷԿ-ը: Սեդրակ Առուստամյանին պատկանող «Ամրիտամ» ՍՊԸ-ն երրորդ ՀԷԿ կառուցողն է:

Կանաչ լույս՝ ՀԷԿ-երի համար

Այսպիսով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը իր օրենսդրական նախաձեռնությամբ նախ փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետեւանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, միաժամանակ նաեւ «կանաչ լույս է վառում» նշված ընկերությունների համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի եւ արդեն գործող եւ կառուցման փուլում գտնվող ՀԷԿ-երը չեն փակվի:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը հայտնեց, որ. «Այն ՀԷԿ-երը, որոնք գործում են կամ արդեն կառուցման թույլտվություն են ստացել, մենք չենք կարող այս կարգերով արգելել: Մենք նշել ենք, որ եթե գետը 40 տոկոսից ավելի է ծանրաբեռնված, ապա չենք թողնելու ՀԷԿ կառուցեն: Հիմա պատրաստվում ենք մտցնել Հայաստանի այն գետերի ցուցակը, որտեղ արգելելու ենք ընդհանրապես ՀԷԿ-երի կառուցումը: Եթե գետերը կգան այնպիսի վիճակի, որ մենք զգանք՝ կորցնում ենք, անպայման կդիմենք կառավարությանը: Բայց այսօրվա դրությամբ չկա գետ, որի ջուրը ՀԷԿ-ի գործունեության արդյունքում է պակասել»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս