ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽԻՍՏ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության՝ հոկտեմբերի 23-ի կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությունները բավականին կոշտ էին: Ճիշտ է՝ իր ելույթի սկզբում Սերժ Սարգսյանը չի մոռացել դրական խոսքեր եւս ուղղել եւ նշել է, թե ոստիկանները վերահսկում են օպերատիվ իրավիճակը, եւ խուճապի մատնվելու որեւէ պատճառ չկա, սակայն դրանից հետո բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության աշխատաոճի վերաբերյալ՝ դժգոհելով նրանց անգործությունից:

Օրինակ՝ նա խոսել է հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտության մասին, հետո անդրադարձել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման անհրաժեշտությանը: Բայց Սերժ Սարգսյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել հետախուզվող անձանց ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտության մասին եւ ոստիկանությանը մեղադրել այս հարցում անգործություն ցուցաբերելու մեջ:
Ներքին գործերի նախկին ղեկավար Կարլոս Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններն իսկապես բավականին խիստ էին: Սակայն նրա խոսքով՝ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ոստիկաններն օպերատիվ իրավիճակին տիրապետում են:
-Պարո՛ն Ղազարյան, Սերժ Սարգսյանը ոստիկնության կոլեգիալ նիստում կոշտ գնահատականներ է հնչեցրել՝ դժգոհելով ոստիկանների անգործությունից: Ձեզ համար սպասելի՞ էին նման գնահատականները:
-Ես կարծում եմ, որ եթե իսկապես պետք է գնահատել եւ տալ գնահատական նախագահի ելույթին, ապա ես բարոյական իրավունք չունեմ, որովհետեւ չեմ մասնակցել կոլեգիայի նիստին եւ փաստորեն մանրամասը չեմ լսել բոլոր զեկույցները: Բայց ծանոթ լինելով կոլեգիայի նիստում նախագահի հայտարարություններին՝ կարող եմ ասել՝ իհարկե, բավականին խիստ էին: Ոստիկանությունում միշտ էլ կլինեն թերություններ, միշտ էլ կլինեն քննադատողներ, բայց ոստիկանությանը պետք է օգնել: Չի կարելի ոստիկանությանն այդքան խփել: Հասարակությունն ու իշխանությունները պետք է աջակցեն ոստիկանությանը: Երբեմն նրանք իրենց պարտականությունների կատարման ժամանակ դառնում են անհիմն մեղադրանքների սուբյեկտ: Իրենք իրենց աշխատանքը կատարում են, բայց դառնում են քննադատության սուբյեկտ, որը ոչ միշտ է ճիշտ: Հասարակությունը պետք է ձեռք մեկնի, որ ոստիկանությունը հենվի: Իհարկե, նախագահը ճիշտ հանձնարարականներ է տվել, բայց նա նաեւ դրական է արտահայտվել: Նա ճիշտ է ասել, որ ոստիկանությունն իր աշխատանքը կատարում է եւ վերահսկում է օպերատիվ իրավիճակը: Խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չկա: Նախագահը չէ՞ որ դրական էլ է գնահատել, դրա մասին էլ է պետք խոսել:
-Օրինակ՝ նա նշել է, թե «հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Հանցագործները թաքնվում են մեզնից»: Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման հարցը Սերժ Սարգսյանը եւս առաջնային համարեց:
-Այո՛, նա անդրադարձավ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման հարցին, որ այն պետք է արագ հայտնաբերվի: Իհարկե, դա մի քիչ դժվար հարց է, քանի որ հիմա այնպիսի վիճակ է, որ ոստիկանները մեկին մոտենում, մեքենան ստուգում են, սկսում են, կոպիտ ասած, վայնասունները հանել: Իհարկե, Սարգսյանն ավելի կոշտ արտահայտվեց հետախուզվող անձանց հայտնաբերելու անհրաժեշտության մասին, սա շատ կարեւոր է, նախագահը շատ ճիշտ է գնահատել: Իհարկե, բոլոր տարիներին էլ եղել են, հետախուզության հարցը շատ դժվար է: Հիմա էլ է դժվարացել ոստիկանության գործը՝ նկատի ունենալով քաղաքացիների, մեքենաների շարժը: Դա դժվարացնում է ոստիկանության աշխատանքը, բայց չի նշանակում, որ ոստիկանությունը պետք է չաշխատի. նախագահի քննադատությունը համապատասխանում է:
-Սերժ Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել նաեւ ճանապարհային ոստիկանությանը: Նա նշել է, թե չի կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ աշխատանքով պայմանավորված վարորդների վրդովմունքը, քանի որ, նրա խոսքով, տեսուչները հաճախ լկտի վարքագիծ են դրսեւորում:
-Ես չեմ կարող ասել, տարբեր փաստեր կան, բայց մի՛ մոռացեք քաղաքի ծանրաբեռնվածությունը: Դուք մի հատ մտե՛ք ոստիկանի դրության մեջ, փորձե՛ք օրական երկու ժամ կանգնել, տեսե՛ք՝ ինչ հանդիպումներ կունենաք, ինչ մարդկանց հետ կհանդիպեք: Միշտ դժգոհ է չարը, կանգնե՛ք կամ կողքից հետեւե՛ք ոստիկանի աշխատանքին, մեր երիտասարդ վարորդները՝ հեռախոսները ձեռքներին, մաստակները բերաններին, դա էլ ասեք, ժողովրդին էլ փորձենք դաստիարակել: Հիմա ոստիկանները քիչ են ռեպրեսիաներով զբաղվում, ավելի շատ նրանք դաստիարակչական աշխատանք են տանում: Դուք մի՛ մտածեք, թե ոստիկանապետը կամ նրա տեղակալը խիստ չեն եղել, միգուցե նրանք ավելի խիստ են ասել:

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏ ՉԿԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ը, ինչպես խորհրդարանում չհայտնված մյուս բոլոր ուժերը, մի տեսակ ընդհատակ են անցել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի հետ, ով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրացուցակով առաջադրվել էր որպես պատգամավոր, բայց կուսակցությունը չհաղթահարեց անհրաժեշտ 5 տոկոս արգելանքը, Մյասնիկ Մալխասյանն էլ պատգամավոր չդարձավ:

-Պարո՛ն Մալխասյան, խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում պասիվություն է տիրում, արտախորհրդարանական ուժերը չկան, անգամ հետընտրական զարգացումներ չեղան: Ո՞րն է պատճառը:
-Ամեն ինչ պարզ է, ընտրություններից հետո բոլորիս համար հասկանալի է՝ ինչ տեղի ունեցավ: Այստեղ ժողովրդին չի կարելի մեղադրել, որովհետեւ ժողովրդին հասցրել են այն աստիճանի, որ ինքն այդպիսի գրոշներն ընտրեց: 10 հազարով իր ապագան հինգ տարով վաճառեց օրվա իշխանություններին: Եվ, բնականաբար, այդտեղ ընդդիմությունն ինչ անի, ո՛չ գումար ունի, ո՛չ բան, զրկված է այդ ամեն ինչից: Իսկ ժողովրդի համար ընդդիմության առաջարկած գաղափարները, ծրագրերը ոչինչ չարժեն: Եվ այսօր իշխանությունն ինքն է կանգնած կոտրած տաշտակի մեջ, եւ խայտառակ իրավիճակ է. համայնքային ընտրություններում տեսնում ենք՝ իշխանություններից բացի՝ ոչ ոք չի առաջադրվել: Հիմա ժողովուրդն էլ կգիտակցի, որ ինչ կատարվեց, եւ այսօր իշխանությունն այդ գրոշն էլ չի տալու ժողովրդին:
-Այսինքն՝ ընդդիմադիր դաշտ մեր երկրում առկա չէ՞:
-Ընդդիմադիր դաշտը, բնականաբար, տարիների ընթացքում հյուծվեց, եւ ակտիվիստները, որոնք հալածվեցին, որոնք ձերբակալվեցին, մի մասը հեռացան հայրենիքից, մի մասը հյուծվեցին, մի մասը բանտերում են: Եվ ունենք այն, ինչ որ այսօր ունենք:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԿՐԿԻՆ ԺԱՄԱՆԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկարատեւ դադարից հետո կրկին Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Գաղտնիք չէ, որ վերջինս սովորություն ունի ժամանակավորապես հայտնվելու, ապա անհետանալու՝ չմոռանալով այդ ընթացքում հարցազրույցներ տալ՝ խոսելով իշխանափոխության համար պայքարելու պատրաստակամության մասին, ավելին՝ այս ընթացքում արդեն կատակում են, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ է ժամանել՝ հերթական հյուրախաղերի: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չի բացառվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հանդիպումներ ունենա, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ձեւավորված ազգային դիմադրության ճակատի անդամների հետ: Հիշեցնենք, որ այդ խմբի հռչակագիրն արդեն պատրաստ է, եւ առաջիկայում կմշակվի նրանց գործողությունների ծրագիրը:

 

 

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
1990-ականների պատերազմի եւ մութ ու ցուրտ տարիների մասին հիշեցնող փայտե վառարանները ամենեւին էլ պատմության գիրկը չեն անցել: Ինչպես հայտնի է` մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ցրտաշունչ ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով եւ էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վառելափայտի սպառողները: Բանն այն է, որ մարդիկ եթե այս տարվա հունիսին 4 խմ փայտը գնել են 90 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառողները դրա դիմաց առաջարկում են 120 հազար դրամ: Այսինքն՝ եթե 1 խմ փայտը այս հունիսին արժեցել է 22-23 հազար դրամ, ապա այն հիմա վաճառվում է 30 հազար դրամով: Եւ ոչ ոք չի վերահսկում վառելափայտի շուկան ու գները: Այս ամենի արդյունքում սոցիալապես անապահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռնտու` փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը:

 

 

 

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԵՏԱԶՈՏԵՑԻՆ
Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանին հետազոտել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ Ռաֆայել Խաչատրյանը ՔԿՀ-ից օգնություն էր խնդրել, որ որովայնի շրջանում ծակոցներ ունի, սակայն հետազոտության չէին ենթարկել, ավելի ուշ պաշտպանը եւս բարձրաձայնեց, որ ՔԿՀ-ում աչք են փակում կալանավորի խնդիրների վրա: Եվ ահա տեղեկացանք, որ օրերս վերջինիս հետազոտել են, համապատասխան դեղեր են նշանակել: Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է մեկուկես ամիս, եւ դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել կրակոցների գործով հետախուզվող Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին: Փաստորեն, գործը կանգ է առել, քանի որ չկան հիմնական դերակատարները:

 




Լրահոս