Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, կրկնել է մինչեւ 2040թ. ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու իր հայտարարությունը՝ պնդելով, որ «…նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է»: Փաստորեն, Սերժ Սարգսյանը դեռ հավատում է ամիսներ առաջ իր արած հայտարարությանը եւ դեռ շարունակում է բարձրաձայն խոսել այդ մասին: Բանն այն է, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարման միայն վերջին հինգ տարում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 302,4 հազարով:
2017թ. գրանցվել է վերջին հինգ տարիներին ծնելիության ամենացածր ցուցանիշը, բնական հավելաճի ամենացածր ցուցանիշը: Հայաստանյան զարգացումները վկայում են, որ բացասական միտումները դեռ երկար են շարունակվելու: Իսկ Սերժ Սարգսյանն այդքանից հետո դեռ խոսում է մինչեւ 2040թ. բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին: Ավելին՝ նա նույնիսկ հանձնարարականներ է տվել այդ թեմայով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կառավարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի (մինչեւ 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթները»:
Նկատենք՝ այս տարիներին ամենատարբեր ոլորտների վերաբերյալ ռազմավարական ծրագրերի պակաս ՀՀ-ում չի եղել, հատկապես Կարեն Կարապետյանի կառավարությունը ծրագրեր գրելու, հայեցակարգեր մշակելու հարցում անգերազանցելի է: Բայց չնայած ռազմավարական ծրագրերի ու հայեցակարգերի առատությանը՝ գործնականում կամ որեւէ դրական տեղաշարժ չի եղել, կամ եթե եղել է, ապա շատ քիչ: Նույնն է նաեւ այս դեպքում: Առավել եւս, երբ կառավարություններն էլ իրենց ծրագրերում մշտապես նախանշել են ժողովրդագրական վիճակի բարելավման հարցը, բայց տեսնում ենք արդյունքը:
Հանուն արդարության նկատենք՝ Սերժ Սարգսյանը ժողովրդագրական վիճակի խնդիրների մասին խոսելիս, այնուամենայնիվ, մեկ ճիշտ դիտարկում է արել. «Նա հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն առաջին անգամ ուղղակիորեն խոստովանել է, որ ԼՂ խնդրի լուծված չլինելը, պատերազմի վերսկսման հավանականությունը ժողովրդագրական խնդրի վրա բացասական ազդեցություն ունի:
Նախկինում նա արտագաղթի համար մեղադրում էր լրագրողներին՝ ասելով, թե գաղջ մթնոլորտ են տարածում, հետո ասել էր, թե սփյուռքն է մագնիսի նման քաշում մարդկանց: Բայց հիմա վերջապես գտել է առաջնային պատճառը, նույնիսկ բարձրաձայնում է: Մնում է՝ իրական քայլեր անի՝ այդ պատճառները վերացնելու համար, այլապես մնացածը կլինի դատարկախոսություն: