ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, նախատեսվում է ստորագրել ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 357 էջից: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվանից մաս-մաս կհրապարակի համաձայնագրի տեքստը:

Քաղաքական երկխոսության նպատակները
1. Հետագայում պետք է Կողմերի միջեւ սկսվի եւ ամրապնդվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների, այդ թվում` արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ներքին բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսություն: Այդ երկխոսությամբ կբարձրացվի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ քաղաքական համագործակցության արդյունավետությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը:
2. Քաղաքական երկխոսության նպատակներն են՝
ա) հետագայում զարգացնել եւ ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսությունը,
բ) ընդլայնել քաղաքական գործընկերությունը եւ բարձրացնել արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության արդյունավետությունը,
գ) արդյունավետ բազմակողմանիության հիման վրա խթանել միջազգային խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը,
դ) ամրապնդել միջազգային անվտանգության եւ ճգնաժամի կառավարման շուրջ Կողմերի միջեւ համագործակցությունը եւ երկխոսությունը՝ մասնավորապես համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերները եւ դրանց հետ կապված սպառնալիքները հաղթահարելու նպատակով,
ե) ամրապնդել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման համակարգերի դեմ պայքարի շուրջ համագործակցությունը,
զ) աջակցել Կողմերի միջեւ ակնկալվող արդյունքների հիման վրա եւ գործնական համագործակցության հարցում՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության, անվտանգության եւ կայունության հասնելու համար,
է) ամրապնդել ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների ազատության եւ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ հարգանքը եւ նպաստել համախմբված ներքին քաղաքական բարեփոխումներին,
ը) զարգացնել Կողմերի երկխոսությունը եւ խորացնել դրանց միջեւ համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում,
թ) խթանել հակամարտությունների խաղաղ կարգավորումը,
ժ) խթանել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված դրա նպատակներն ու սկզբունքները եւ մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն ուղղորդող սկզբունքները՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարգով, եւ
ժա) խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել բարիդրացիական հարաբերությունները եւ բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մակարդակը, այդ թվում՝ տարածաշրջանային առեւտուրը եւ միջսահմանային տեղաշարժը խթանելու համար սահմանները բացելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելով:
Ներքին բարեփոխումները
Կողմերը պետք է համագործակցեն՝
ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության եւ օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության եւ ամրապնդման շուրջ,
բ) մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,
գ) դատական եւ իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման եւ իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,
դ) վարչական կարողությունն ամրապնդելու եւ իրավապահ մարմինների անկողմնակալությունը եւ արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,
ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու եւ հաշվետու, արդյունավետ, թափանցիկ եւ մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, եւ
զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման եւ համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան:
Արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը
1. Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին եւ անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը եւ համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում եւ համագործակցության ձեւաչափերում իր մասնակցությանը եւ դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարեւորությունը, ինչպես նաեւ պետք է լուծեն, մասնավորապես, հակամարտության կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, զենքի վերահսկման եւ արտահանման վերահսկման հետ կապված կոնկրետ խնդիրներ: Համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հետաքրքրությունների վրա եւ պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներից, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի:
2. Կողմերը վերահաստատում են միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վերաբերյալ իրենց հանձնառությունը՝ ներառյալ այն սկզբունքներն ու նորմերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ իրենց երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում այդ սկզբունքները խթանելու վերաբերյալ իրենց հանձնառությունը:

Շարունակելի…

 

 

 

 

ՄԻ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՐՑ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Երկաթուղային Այրում կայարանի տարածքում, երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ, դեպի հանդիպակաց բլրին են գտնվում դարավանդի այգիները, որտեղ կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում: Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարը փոխվել է, տեղադրվել են պլաստմասսե խողովակներ: Այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան, քանի որ կոյուղագծի վերանորոգումը պատշաճ ձեւով չի կատարվել: Թերեւս գումարը քիչ է եղել:
Այրում կայարանում տիրող գարշահոտն անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Ամռան ամիսներին Հայաստանի հյուսիսային, երկաթուղային դարպասում տիրող գարշահոտը խեղդում է մարդկանց: Խնդրի մասին տեղյակ են ջրմուղ-կոյուղու Նոյեմբերյանի ենթատեղամասում, երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում: Սամվել Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ մեկ ամիս առաջ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ փոխտնօրենի հետ, համաձայնության են եկել, որ մարզպետարանի միջոցով կկատարվեն երկաթուղային կայարանի շենքից մինչեւ հակահամաճարակային հսկողության ծառայության շենք ընկնող տարածք, մոտ 100-120 գծամետր կոյուղագծի գործարկումը, խողովակաշարի անցկացումը: Այդ շենքի մոտից նախկինում գոյություն ունեցող, կայարանի ռելսերի տակով անցնող կոյուղագիծը հասնում է մինչեւ Դեբեդ գետը:
Երկաթուղու ղեկավարությունն իր հերթին պարտավորվել է այդտեղ կոյուղաջրերի ավազան կառուցել եւ այդտեղից շաբաթը մեկ անգամ կոյուղաջրերը պոմպով մղել Դեբեդ: Մինչեւ գետ թափվելը կոյուղաջրերի խողովակի վրա մաքրող ցանց կա: Կոյուղու խողովակաշար կառուցելու աշխատանքները չեն սկսվել: Այրում կայարանի չգործող կոյուղագծի խնդիրը տարիներով չի լուծվում, երկաթուղիով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեր երկրի մասին առաջին, ամենավառ տպավորությունը ստանում են կայարանում տիրող գարշահոտից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԴԻՍՊԱՆՍԵՐՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹՎԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԵՏ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի մի քանի աշխատակիցներ: Նրանք պատմեցին, որ դիսպանսերի արտաթոքային բաժինը միացնելով մեկ այլ բաժնի՝ մոտ 15 աշխատողի կրճատում են: Ի դեպ, նրանք նշեցին, որ կրճատման վերաբերյալ ծանուցումները դիսպանսերի տնօրինությունից ստացել են այս տարվա օգոստոսին:

Խնդրի առնչությամբ «ժողովուրդ»-ը զրուցեց դիսպանսերի տնօրեն Արմեն Հայրապետյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ արտաթոքային բաժինը չի վերացել, այլ միացել է վիրաբուժական բաժնին եւ դարձել ծառայություն: «Մենք արտաթոքային բաժինը միացրել ենք վիրաբուժական ծառայությանը, բայց դրանք իրենց տարածքով առանձին են եւ առանձին էլ գործում են: Մենք քայլում ենք համահունչ այսօրվա վիճակին, որովհետեւ տուբերկուլյոզով հիվանդների քանակը տարիներ շարունակ քչանում են, հոսպիտալացումը՝ նույնպես: Այսինքն՝ մենք չենք կարող 10 տարվա, ենթադրենք, 400-500 հոգանոց անձնակազմը հիմա պահենք, այն դեպքում, երբ հիվանդանոցում 90 հիվանդ է՝ նախկին 300-ի փոխարեն»,- պարզաբանեց Արմեն Հայրապետյանը:
Նա զրույցի ընթացքում նկատեց, որ հիմնականում կրճատվել են տեխնիկական մասի աշխատողները եւ այն բուժքույրերը, որոնք մասնակցել են քննությանը, սակայն անբավարար գնահատական ստացել: «Այս հիվանդանոցում անգամ մահճակալների ծանրաբեռնվածությունն է իջել: Այս փոփոխությունները սպասվում են նաեւ մյուս բաժիններում: Բայց այս տարվա օգոստոսին այն աշխատողներին, որոնք կրճատվելու են, ուղարկվել է ծանուցում: Ընդհանուր այսօրվա դրությամբ նախորդ տարիներից սկսած կրճատվել է մոտ 90 աշխատող: Կրճատված աշխատակիցների մեջ չկան բժիշկներ, մի քանի բուժքույրեր: Մենք բուժքույրերի համար մրցույթ էինք հայտարարել՝ լավագույններին պահելու նպատակով: Եվ մասնակցած բուժքույրերից մի քանիսը չկարողացան ապահովել մրցույթի պայմանները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այսօր կրճատման տակ ընկած աշխատողները մնալու են իրենց աշխատանքին մինչեւ տարեվերջ: Մեր այն հարցին՝ ինչու տարեվերջ, դիսպանսերի տնօրենն ասաց. «Մենք պայմանագիր ենք կնքել մինչեւ տարեվերջ, քանի որ նոր տարվա նախահաշիվը չունենք, չի հաստատվել նաեւ աշխատակազմի կառուցվածքը: Բայց նշեմ, որ այս ամենի արդյունքում ոչ մի հիվանդ եւ ծառայություն չի տուժել»,- հավաստիացրեց տնօրեն Արմեն Հայրապետյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս