Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտարարել է, թե իրենց հատկապես հետաքրքրում է ԵԱՏՄ անդամ, միաժամանակ ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել պատրաստվող Հայաստանի օրինակը: Դոդոնը տեղեկացրել է, որ իրենք այս տարի դեպի ԵԱՀՄ առաջին քայլերն են արել. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո ապրիլի սկզբին Մոլդովան ստորագրել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության համաձայնագիրը՝ միաժամանակ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնելով: «Մենք նախ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ենք ստորագրել եւ միայն այժմ սկսում ենք կամուրջներ կառուցել ԵԱՏՄ-ի հետ: Դա հետեւանքներ է ունեցել Մոլդովայի համար»,- ասել է նա:
Միայն թե, նկատենք, մինչ Մոլդովան բավական ակտիվ հետաքրքրվում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկարներով, տնտեսական այդ միավորումը սկսել է լուրջ ճաքեր տալ: Տեւական ժամանակ է՝ լարվել են Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները՝ վերաճելով դիվանագիտական սկանդալի: Սա այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Ղրղզստանում նախագահական ընտրությունների ընթացքում հանդիպել էր ընդդիմադիր թեկնածու Օմուրբեկ Բաբանովի հետ:
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել էր, որ դրանով Ղազախստանը միջամտում է Ղրղզստանի ներքին գործերին։ Բացի այդ՝ հոկտեմբերի 10-ին երկու երկրների սահմանին սրվել էր իրավիճակն այն բանից հետո, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային անցակետերում հսկողությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի պատճառաբանությամբ: Հիշում եք՝ նաեւ Երեւանում ԵԱՏՄ խորհրդի նեղ նիստի ժամանակ այդ երկու երկրների վարչապետների միջեւ թեժ բախումներ էին եղել, արդյունքում՝ մոտ երկու ժամով ուշացավ խորհրդի ընդլայնված նիստը: Ու վերջապես, երեկ էլ Ղրղզստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է եվրասիական տնտեսական ինտեգրման պայմաններում տնտեսական համագործակցության զարգացման մասին Ղազախստանի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքի նախագիծը:
Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ անդամ երկու երկրները միմյանց դեմ բացահայտ դեմարշներ են սկսել, տնտեսական սանկցիաներ են կիրառում: Եւ եթե իրադարձությունները շարունակեն շարժվել նման տրամաբանությամբ, չի բացառվում, որ կողմերից մեկը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հիմք դնելով լիարժեք չկայացած միավորման փլուզմանը, կամ առնվազն վարկաբեկմանը: Եւ այս ընթացքում Մոլդովայի շահագրգռվածությունը հետաքրքիր է. միգուցե այսպես նրանք փորձում են նախագահ Դոդոնի ասած «հետեւանքները» վերացնել: