«ՑՈՒՆԱՄԻ» ԱՅՆԹԱՓՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Այնթափ գյուղը մարզի ամենամեծ համայնքներից է:  12 հազար բնակիչ ունեցող գյուղը  մայրաքաղաքին այնքան մոտ է, որ ընկալվում է իբրեւ Երեւանի թաղամասերից մեկը: Մինչդեռ երկու մեծ դպրոց ունեցող գյուղում ընդհանրապես մանկապարտեզ չկա: Իսկ նախադպրոցական հիմնարկ պահելը, տեղական ինքնակառավարման օրենքով, համայնքապետի առաջին լիազորությունն է:«Վաղ տարիքում երեխաների կրթությունը տարրական կրթության որակի հիմնաքարն է, եւ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում ծառայությունների եւ մատչելիության բարելավումն է». այս լավատեսական ու սիրուն մտքերը զետեղված են կրթության եւ գիտության նախարարության հռչակած` նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրում: Իսկ ինչպիսի՞ն է վիճակը ոչ թե թղթի վրա, այլ իրականում: Հիշենք, որ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով 1996 թվականից պետական մանկապարտեզները հանձնվեցին համայնքային ենթակայության, այսինքն` գյուղապետերի քմահաճույքին: Եվ եթե 1990-96 թվականներին նախադպրոցական հիմնարկների քանակը 13 տոկոսով էր նվազել, ապա 1997-2006 թվականներին նվազման տեմպերն արագացան, եւ եղածի 30 տոկոսը փակվեց: Ամենից շատ մանկապարտեզներ փակվեցին Արագածոտնի մարզում: 97 համայնք ունեցող Արարատի մարզում 70 մանկապարտեզ կա, բայց Այնթափը դրանց թվում չէ: Հանելուկը պարզելու համար դիմեցինք Այնթափի գյուղապետ Կարեն Սարգսյանին:«Ունեցել է վախտին, ուղղակի նախկին գյուղապետ Թարվերդյան Լյովան 2004 թվականին այն վաճառել է: Գյուղի ակումբն էլ է վաճառել, սաղ հողերն էլ, ու հիմա մի թիզ հող չենք ճարում, որ վրան մանկապարտեզ սարքենք: Հա, բա ո՞նց, մանկապարտեզը պետքական է, ես երեք երեխա ունեմ, առանց մանկապարտեզի երես տեսնելու են դպրոց գնացել: Մեր երկու դպրոցներում  1035 աշակերտ կա, մեծ համայնք ենք: Ուղղակի ես 2010 թվականից եմ գյուղապետ, շատ բան կա անելու: Պայքար ենք տալիս»,-ասում է գյուղապետը` համաձայնելով, որ Այնթափի վրայով իսկապես ցունամի է անցել, սրբել-տարել քիչ թե շատ արժեք ունեցող շենքերը:Մինչեւ պայքար տան, մինչեւ շենք սարքեն, էլի մի քանի հարյուր երեխա կտուժի  անփույթ ու անտեղյակ մարզպետերի անգործության արդյունքում:Հ.Գ. Բոլորովին պատահական չէ, ոչ Արարատի մարզպետարանի տրամադրած` Այթնափի գյուղապետարանի հեռախոսահամարը 3 տարի է` գոյություն չունի: Փաստորեն, մարզպետարանը` ջոկ, համայնքը` ջոկ, երբեք իրար չեն հանդիպում, անգամ հեռախոսով չեն խոսում: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս