2013-ի սցենարը կկրկնվի՞. ինչու է Սերժ Սարգսյանը մեկնել Մոսկվա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության.«Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին»:

Հատկանշական է, որ այս այցը նախորդում է նոյեմբերի 24-ին ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությանը: Ու դժվար է ասել՝ արդյո՞ք այս անգամ կկրկնվի 2013թ. սեպտեմբերի հայտնի սցենարը, երբ հիշում եք՝ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Ս. Սարգսյանը հրաժարվեց ԵՄ-ի հետ համաձայնագրի նախաստորագրումից:

Մինչ այս իշխանություններն ամեն կերպ փորձել են հավաստիացնել, որ այլեւս որեւէ բան չի խանգարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Նախ, ինչպես հայտնի է, արդեն իսկ տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրումը, ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա, եթե, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, եւ այս հայտարարությունն արել են ոչ մեկ անգամ:

Նաեւ ՀՀ ԱԳՆ-ն դեռ հոկտեմբերին հրապարակեց ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հանրության դատին ներկայացնելով իրենց քննարկած փաստաթուղթը: Եւ հետո, այլեւս ԵՄ-ն ու ՌԴ-ն խանդի տեսարաններ չեն սարքում, եւ համակերպվել են այն իրողության հետ, որ ՀՀ-ն կարող է երկուստեք համագործակցել: Բայց հաշվի առնելով փաստը, թե ինչպես է ՌԴ նախագահի մոտ Սերժ Սարգսյանն իրեն պահում որպես «ֆորպոստի» ղեկավար, չի բացառվում ցանկացած զարգացում: Ինչեւէ, ժամանակից առաջ չընկնենք եւ սպասենք զարգացումներին:

Իսկ մինչ այդ մեկ դիտարկում եւս. նախատեսված է, որ Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի «տարածաշրջանային արդի խնդիրներին»: Բացի այդ՝ երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան եւ Բաքու. «Կխոսենք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների մասին: Կփորձենք հասկանալ` ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստան-Ադրբեջան նախագահների միջեւ վերջին հանդիպումից հետո»,- երեկ ասել է Լավրովը: Եւ վերջապես, նախատեսված է կազմակերպել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:

Այնպես որ, չի բացառվում՝ Սարգսյանի այցը շատ ավելի կապված է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ: Պարզապես այդ մասին ուղղակի տեքստով չի ասվում:




Լրահոս