ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել: Այս անգամ գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ բնակվող Սիմոնյանների համար գործակցության արդյունքները շոշափելի են դարձել:
50 տարի առաջ կառուցված տունը ժամանակի ընթացքում խարխլվել և հիմնանորոգման կարիք ուներ: Ամիսներ առաջ, երբ կազմակերպությունների կամավորներն ընտանիքի հետ շինարարական աշխատանքներ էին կատարում, Սիմոնյանների՝ տարիների երազանքի իրականացումն սկսվել էր: Այսօր արդեն, ընտանիքի անդամները զգում են բարեկարգ տուն ունենալու բերկրանքը. անցյալում են կաթող տանիքն ու խոնավ պատերը, սանհանգույցի բացակայությունը և խոհանոցը փոխարինող բետոնապատ միջանցքը:
«Երջանիկ օր է մեզ համար, երբ հնարավորություն ունենք հյուրընկալելու այն մարդկանց, ովքեր իրականացրեցին մեր վաղեմի ու անիրականանալի թվացող երազանքը: Շատ բան հարկավոր չէ երջանիկ լինելու համար, սակայն երբեմն այդ քիչն էլ անհասանելի է լինում: Տան հետ կապված դժվարություններն այսօր անցյալում են, առօրյա բարդություններն արդեն չեն վախեցնում: Ամուր տանիքով ու տաք օջախում ոչ մի ձմեռ ու առօրյա հոգս սարսափելի չեն: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Էդուարդը:
Կազմակերպությունների վեց տարվա համատեղ ջանքերի շնորհիվ՝ բարեկարգ բնակարաններ, առողջ միջավայր և ապագայի նկատմամբ հավատ է ստեղծվել 150 ընտանիքի համար:
Նույն գյուղում բնակվող մեկ այլ ընտանիքի՝ Մկրտչյանների համար, օրը ևս տոնական էր. 10 հոգուց բաղկացած ընտանիքը երջանիկ էր իր հարկի տակ ընդունելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ում անձնական ֆինանսավորմամբ վերջապես հնարավոր եղավ հիմնանորոգել կաթացող տանիքը:
«Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքը հարկավոր է գնահատել երկու՝ տեսանելի հաջողության և մարդու հոգում կատարված փոփոխության տեսանկյունից: Այս մարդիկ, տարիների սպասումից հետո ձեռք են բերում բնակարան, ինչի կարևորությունը քննարկման ենթակա չէ: Առավել կարևոր ձեռքբերում է սեփական ուժերին հավատալու և ոտքերի վրա ամուր կանգնելու զգացողությունը: Տուն կառուցելու համար միայն ֆիզիկական ուժը բավարար չէ. անհրաժեշտ է նաև խնդիրները հաղթահարելու կամք և վճռականություն: Գործընկեր կառույցի հետ, տարիներ շարունակ ձգտում ենք մեր հայրենակիցներին փոխանցել այդ կամքն ու լավատեսությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր այցելությունը զուտ մշտադիտարկում չէ, այլ մեր ընտանիքների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու հնարավորություն, ինչը, շատ դեպքերում, բավական կարևոր հոգեբանական խնդիր է լուծում: Բնակարանաշինության մեջ ներդրում կատարելով, մենք ոչ միայն առողջ միջավայր, այլև ավելի լավ ապագայի հիմք ենք ստեղծում ընտանիքի անդամների համար»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 31 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն ՀՀ դրամի ներդրում: