ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ՈՒ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ դարձյալ ՀՀ շահառուները չեն ստացել իրենց հասանելիք լսողական սարքերը: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում: Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում է պետական հավաստագրերի հիման վրա: Սեպտեմբերի 7-ից ուղիղ երկու ամիս է անցել, բայց շահառուները ո՛չ հավաստագիր ունեն եւ ո՛չ էլ լսողական սարք ու հաշմանդամի սայլակ:

Հավաստագրի ամբողջ գաղափարն այն է, որ անձը կարողանա ընտրել իր համար համապատասխան վերականգնողական պարագա հարմար վայրից: Այսինքն՝ որակավորված կազմակերպությունը պետք է ունենա շենքային մատչելի պայմաններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու համար: Նշենք, որ 2017 թվականին հաշմանդամի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը սահմանվել է 95 հազար դրամ: Իսկ 30 տարեկան եւ ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 30 հազար դրամ: Պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը եւ պետական հավաստագրի ձեւը սահմանում է կառավարությունը: Իսկ հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացնում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ը: Հաշմանդամի սայլակի եւ լսողական սարքի համար տրամադրվում է մեկ հավաստագիր: Իսկ հավաստագրի հիման վրա հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում է որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված եւ նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Ի դեպ, եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժի, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել գների միջեւ եղած տարբերությունը:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ շահառուների մի մասը իր հասանելիք լսողական սարքերը պետք է ստանար դեռեւս օգոստոսին: «Մեզ խոստացել էին լսողական սարք տալ օգոստոսի 1-ին, հետո հեռուստատեսային հաղորդումներից տեղեկացանք, որ կառավարությունը նոր կարգ է սահմանել, որ մեզ լսողական սարքեր տրամադրվելու են ինչ-որ հավաստագրերի միջոցով: Նախ` խոստացան, որ այդ հավաստագիր կոչվածը տալու են հոկտեմբերին, բայց մենք այդպես էլ այն չստացանք: Հիմա էլ ասում են՝ նոյեմբերին, բայց հույս չունենք, որ կստանանք»,- «Ժողովուրդ»-ին իր դժգոհությունը հայտնեց Երեւանի բնակչուհի Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ 30 հազար դրամ արժեքով հավաստագրով հնարավոր չէ «որակով, նորմալ եւ բարձր հզորությամբ» լսողական սարք գնել: «Մենք դեռ պետք է այդ 30 հազար դրամին ավելացնենք եւս 40 հազար դրամ, որպեսզի կարողանանք բարձր հզորությամբ եւ որակով լսողական սարք գնել»,- նկատեց տիկին Անահիտը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանից հետաքրքրվեց` ի վերջո, երբ են մարդիկ ստանալու լսողական սարք կամ հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար նախատեսված հավաստագրերը: Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր մասնագետն ասաց. «Հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ձեռք բերելու համար հավաստագրերը տրամադրվելու են այն պահից սկսած, երբ երկու կազմակերպություններն էլ նախարարության հետ պայմանագիր կկնքեն: Որակամավորման գործընթացը, ամբողջը միասին վերցրած, տեւում է հինգ աշխատանքային օր, որն արդեն ավարտված է»:
Մասնագետը տեղեկացրեց նաեւ, որ պայմանագիր կնքելու գործընթացը այժմ գտնվում է երկրորդ փուլում: «Երբ կազմակերպությանը տեղեկացնում ենք, որ իրենց ներկայացրած հայտի հիման վրա որակավորվել է, եւ եթե ցանկություն ունի, ապա որակավորված կազմակերպությունը կարող է դիմել նախարարություն` պայմանագիր կնքելու նպատակով: Այս պայմանագիր կնքելու փուլում մենք սպասում ենք կազմակերպություններին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Հայկ Մկրտչյանը: Գլխավոր մասնագետը հավաստիացրեց, որ պայմանագրերը կնքելու, հրապարակելու օրվանից սկսած կտրամադրվեն նաեւ հաշմանդամի ե՛ւ սայլակի, ե՛ւ լսողական սարքի հավաստագրերը:
«Ես որքան գործընթացից տեղյակ եմ՝ մեր դաշտում որեւէ անելիք այս պահին չկա: Անելիքը կազմակերպություններին է, որոնք պետք է գոնե այս շաբաթվա ավարտին գան ու պայմանագրերը կնքեն: Բայց մենք հաշվի առնելով, որ լսողական սարքերի խնդիր ունեն, կազմակերպություններին ուղղված յուրաքանչյուր գրության մեջ խնդրում ենք հնարավորինս շուտ գործեն: Գործընթացը ամբողջությամբ կարգավորված է, մենք որեւէ խնդիր չունենք գործընթացի կազմակերպման հետ: Մենք ունեինք խնդիր պայմանագրերը կնքելու հետ, որն էլ կանոնակարգվել է նախարարի հրամանով»,- տեղեկացրեց նախարարության գլխավոր մասնագետը:
Հուսանք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը այս դեպքում արագ կգործի եւ շահառուներին չի թողնի տարին փակել առանց հաշմանդամի սայլակի կամ էլ լսողական սարքի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս