Ես խնդիր չունեմ. ինչպե՞ս է ՎՊ նախագահն ուսումնասիրելու իր նախկին գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, անդրադառնալով Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ստուգումներ իրականացնելու ծրագրին, նշեց, որ ինքը խնդիր չունի:

Ինչպես հայտնի է՝ ՎՊ-ի 2018 թվականի ծրագրի նախագծում նախատեսված է, ի թիվս այլ պետական մարմինների, ստուգումներ անցկացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Ու սա այն դեպքում, երբ 2016-2017թթ. այս նախարարությունը ղեկավարել է ՎՊ այսօրվա նախագահ Լեւոն Յոլյանը: Այսինքն` ՎՊ-ն ուսումնասիրելու է իր ներկայիս ղեկավարի` նախկինում գլխավորած ոլորտը:

-Պարո՛ն Յոլյան, առաջիկայում ՎՊ ծրագրում նախատեսվում է ստուգումներ անել նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Այսինքն՝ Դուք Ձեր նախկին գործունեությո՞ւնն եք ուսումնասիրելու, որքանո՞վ վստահ լինենք, որ օբյեկտիվ կլինեք:

-Ես խնդիր չունեմ, խոսքը գնում է 2018 թվականի ծրագրով նախատեսված վերահսկողության հաշվետվության մասին, կլինեն, կտաք գնահատական, ինչու եք կանխավ ինչ-որ նման բաներ մտածում:

-Խնդիրն այն է, որ արդյո՞ք պարոն Յոլյանն իր նախկին գործունեության մասով խախտումներ կգտնի ու կներկայացնի հաշվետվության մեջ:

-Միանշանակ, անթերի մարդիկ չկան, եթե նման խնդիր էլ հոգեբանական կամ զսպող լիներ ինձ համար, չէի պլանավորի նման գործունեություն Վերահսկիչ պալատի համար:

-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր անձի նկատմամբ կասկածները փարատելու համար ՀՀ նախագահականի վերահսկողական ծառայությունը ստուգումները իրականացնի նախկինում Ձեր ղեկավարած գերատեսչությունում:

-Նորից կանխավ Դուք ուզում եք տալ գնահատական, որ ես օբյեկտիվ չեմ եւ ունեմ խնդիրներ էներգետիկայի նախարարության դաշտում, չկա նման բան: Կլինի նյութը, կասեք՝ գիտեք ինչ, ոնց որ թե այստեղ ինչ-որ բան այն չէր: Պետք չէ իզուր տեղը մեղադրել, պատճառներ ման գալ՝ վատը տեսնելու, կլինի, ինքներդ կտեսնեք:

-Տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարությունում, առողջապահության նախարարությունում, եւ աղմկալի չարաշահումներ եք հայտնաբերել, կա՞ նման բան, եւ հատկապես ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը:

-Տարվա ծրագիրը այսօրվա դրությամբ ամբողջությամբ գտնվում է վերահսկողության դաշտում: Օրենքով մենք իրավունք չունենք, Վերահսկիչ պալատի մասի օրենքում նշված է, որ Վերահսկիչ պալատը մինչեւ վերահսկողության ավարտը իրավունք չունի բարձրաձայնել տարբեր վերահսկողական թեմաներում եղած խնդիրները, կլինեն վերջնական արդյունքները, կներկայացնենք բոլորիդ դատին, եւ կտրվեն համապատասխան գնահատականներ:

Քնար Մանուկյան




Լրահոս