Նպատակը դայակներին հարկային դաշտ բերելն է. ինչ խնդիրների առաջ կկանգնեն աշխատող մայրերը նոր օրենքի ընդունման հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց երիտասարդ մայրերի աշխատանքը եւ երեխայի խնամքը զուգակցող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ:

Փոխարենը կառավարությունը կվճարի նրա երեխային պահող դայակին: «Այն կինը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը:

Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն` այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից: Այս դեպքում, բնականաբար, 18 հազար դրամն էլ չի վճարվում, ստացվում է, որ պետությունը 37 հազար դրամ է բյուջեից հանում` փոխարենն ակնկալելով ժողովրդագրական աճ, աշխատաշուկայում զբաղվածություն»,- մեծ աղմուկ հանած նախագծի մասով հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Փաստորեն, մայրը դայակին աշխատավարձ տալու փոխհատուցում կստանա մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, ինչպես գործող օրենքով է, երբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրը որպես նպաստ ամսական 18 հազար դրամ է ստանում մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:

Ըստ սոցապնախարարության` նախագծի մշակման շրջանակներում կարեւորվել է միջազգային փորձը, օրինակ` Ֆրանսիայի փորձը, որին հետեւում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ:

Նշված երկրներում եւ տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետեւյալ երեք ուղղություններով` հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ եւ դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը:

Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված է: Նման երկրներում մինչեւ երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:

Բայց եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները պարտադիր մտնելու են հարկային դաշտ: Նկատենք, որ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիր կնքում է սկեսրոջ կամ ծնողի հետ, ապա միայն վարձու աշխատանք ձեւակերպելու դեպքում սահմանափակում չի լինի: Այսինքն` եթե պայմանագիր է կնքվում երկու կողմերի միջեւ, ինչի արդյունքում դայակը աշխատավարձ է ստանում, ապա այն պարտադիր հարկվելու է։

Կարելի է ենթադրել, որ կառավարությունը այս կերպ փորձում է հարկային դաշտ բերել մինչեւ այս ստվերում գործող դայակներին: Ինչը խիստ զայրացրել է այն քաղաքացիներին, որոնց եկամտի աղբյուրը գոյանում է դայակ աշխատելով: Նրանք պնդում են, որ հարկային դաշտ մտնելը իրենց համար ձեռնտու չէ:

Ստացվում է, որ կառավարության կողմից վճարվող 55 հազար դրամից 18 հազար դրամը կվերադարձվի պետությանը, քանի որ աշխատող մայրը կվերադառնա աշխատանքի եւ չի ստանալու այդ գումարը։ Այսինքն՝ հարկումը` շուրջ 26 տոկոս, կկազմի մոտ 29 հազար դրամ, կրկին կվերադարձվի պետությանը: Գործնականում այս նորամուծության իրական նպատակը դայակներին հարկային դաշտ բերելն է, որը սկզբնական շրջանում պետբյուջեին ֆինանսական հավելումներ չի բերի, փոխարենը հնարավորություն կտա կառավարությանը հայտարարել, որ իրենք նվազեցրել են գործազրկության պաշտոնական ցուցանիշը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս