ՎԱԽԵՆՈՒՄ Է ՔԱՂՄԱՍ ԸՆԿՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվից ընտանիքով որոշել էին վերադառնալ հայրենիք` ակնկալելով, որ այստեղ` Հայաստանում, ավելի լավ են ապրելու. «Եթե ես իմանայի, որ էս վիճակում ենք հայտնվելու, կյանքում Բաքվից չէի գա էս անտեր երկիր: Ավելի լավ էր օտարության մեջ ապրեի, քան սոված ու փողոցներում»,-վրդովված ասաց մուրացող կինը: Մուրացիկ կնոջ հետ «ժողովուրդ»-ը զրուցեց  Երեւանի Մոսկովյան փողոցում: Նա սկզբում երկմտում էր` պատասխանե՞լ մեր հարցերին, թե՞ ոչ` պատճառաբանելով, որ հարազատները կճանաչեն, եւ որ ինքը ոստիկանների հետ խնդիր չի ուզում ունենալ: Այնուամենայնիվ, 65-ամյա Ադելաիդան, որը «քաղմաս ընկնելուց» խուսափելու պատճառով չցանկացավ նշել իր ազգանունը, մեզ պատմեց, որ  ամուսինը վաղուց մահացել է, երեք երեխա ունի, բայց նրանք էլ գնացել են արտերկիր. «Չգիտեմ` ուր են, իրենք էլ տեղյակ չեն, թե ես ուր եմ, ինչ եմ անում: Մենք պարտքերի տակ էինք ընկել ու մեր տունը ծախեցինք, իրանք գնացին, ես էլ ըսենց մնացի էստեղ ու հիմա էլ ո՛չ տուն ունեմ, ո՛չ էլ Էրեխեքս են ինձ հիշում»: 65-ամյա Ադելաիդային զրկել են թոշակ ստանալու իրավունքից. «Ես հիվանդ եմ, իմ ոտքերը նորմալ չեն աշխատում, գնացել եմ Էրեբունու հիվանդանոցից թուղթ եմ ուզում, որ տանեմ թոշակ ստանամ, բժշկուհին ասում ա` ըստեղի գրանցում չունես, բայց ինձ էստեղ են ապերացիա  արել… ու ինձ ըտենց էլ թոշակ չտվեցին»: Մուրացիկ կինը այժմ վարձով է ապրում Կայարանում. «Ըտեղ մի հատ կին ինձ տուն ա տվել, 15.000 դրամ փող եմ տալիս, դե ես էլ նստում եմ,  էստեղից-էնտեղից հավաքում եմ, որ էտ փողը տամ,  մեկ էլ ինձ համար հաց եմ առնում: Խազեինս լավ կին ա, համաձայնվել ա, քիչ-քիչ հավաքում-տալիս եմ, բան չի ասում»: Ադելաիդայի խոսքերով ինքը բարեկամներ ունի, բայց բարեկամներն էլ ի վիճակի չեն օգնել. «Իրենք էլ իրենց ընտանիքներն ունեն ու էդքան էլ ունեւոր չեն, որ գոնե ինձ մի բանով օգնեն»: Ինքն էլ ստիպված ամեն օր դուրս է գալիս փողոց ու գումար հավաքում. «Դե օր ա ըլնում,  մի 1500 դրամ հավաքում եմ, կա օր, որ 3000 դրամա լինում… ես մենակ էս ժողովրդից եմ գոհ, որ օգնում են: Թե չէ գիտեմ` բարեկամներիցս  ոչ մեկն էլ ինձ չի օգնելու, դրա համար էլ ո՛չ գնում եմ, ո՛չ էլ խնդրում»: Ժողովրդի տված կոպեկներով ապրող կինը շատ անգամ է գնացել երկրի նախագահի մոտ օգնություն խնդրելու համար. «Տո թողո՞ւմ են, որ մարդ մտնի էրկու բառ խոսա՞, քաղմասից բռնեցին տարան, ասեցի` թողե՛ք մտնեմ ձեր ղեկավարի մոտ,  ասեմ վիճակս լավ չի, կարող ա հասկանա, միլիցեքը չթողեցին, ասեցին` հե՛լ, գնա՛, թողո՞ւմ են, որ մարդ էրկու բառ խոսա»: Տիկին Ադելաիդան որեւէ սպասում չունի. «Ուր որ դիմել եմ, անարդյունք ա եղել, էլ խի՞ եմ գնում, էն էլ ես վիճակում. տեսնում եք` ոտերս նորմալ չեն էլ աշխատում»: 65-ամյա կինը երազանք կամ ցանկություն չունի, հավատը կորցրել է բոլորի հանդեպ. «Ես ի՞նչ ասեմ, մենակ ուզում եմ, որ գոնե էս քաղմասը թույլ տա` մի քանի կոպեկ հավաքեմ հացի ու տան վարձը տալու համար, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում»: Նա իսկապես վախեցած է «քաղմասի տղերքից», որովհետեւ, երբ ձայնագրիչը միացրինք, կինը վախից դեմքը փակեց`  անընդհատ կրկնելով. «Չէ, մի՛ նկարեք, խնդրում եմ, մի՛ նկարեք»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս