ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդը որքա՞ն է տեւում: Խնդրում եմ ասեք նաեւ՝ եթե աշխատողը գտնվում է արձակուրդում, ապա նրան ո՞ր դեպքում կարող են արձակուրդից հետ կանչել:
Լիլիթ Հունանյան (43 տարեկան, գանձապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք`
1. ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:
2. ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի:
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):
Հայտնում ենք նաեւ, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ:
Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, եւ երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար: