Ռուսական ակնարկներ. ԼՂ խնդրի լուծումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներո՞ւմ է լինելու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի այցը Բաքու, այնուհետեւ Երեւան, վերհանեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Լավրովը, հիշեցնենք, երեկ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ Հայաստանում նա Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին կհանդիպի այսօր:

Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը չի տուժել: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է խնդրի հանգուցալուծումը գտնելուն եւ առաջխաղացում ապահովելուն ուղղված ջանքերի գործադրման մեջ։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Լավրովը՝ պնդելով, որ դիվանագիտությունը կարող է օգնել խնդրի կարգավորման գործընթացը «մեռյալ կետից» առաջ շարժելուն, ասել է. «Դիվանագիտությունն ի վիճակի է գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար:

Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է:…Ղարաբաղյան համակարտության շարունակությունը որեւէ մեկին ձեռնտու չէ: Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել եւս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:

Միաժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ ասել է. «ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր գաղափարները սեղանին են: Պետք է միայն դրանցից վերջնական փաստաթուղթ հավաքել, որն ընդունելի կլինի բոլորի համար: Մենք բոլորս գիտենք՝ ուր ենք հասել եւ ինչպես պետք է առաջ շարժվենք»:

ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, թերեւս, հայտնի են ամենքին. այդ սկզբունքները հրապարակվել են բազմիցս ե՛ւ համանախագահների, ե՛ւ համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Բայց հատկանշական է փաստը, որ հիմնական սկզբունքները մեկտեղելու եւ փաստաթղթի վերածելու մասին խոսվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարի համատեքստում. Լավրովը Բաքվում այս թեմայի մասին խոսելիս՝ ասել է. «Եվրասիական տնտեսական միությունը բաց ինտեգրացիոն միություն է: Մենք ոչ մեկին չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը… Շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաեւ Ադրբեջանին»: Այլ կերպ ասած՝ տպավորություն է, թե ԼՂ խնդրի լուծումը հենց Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում է լինելու:




Լրահոս