Հայաստանում անցնում է «ՎԵՈՆ» խմբի ղեկավարության գլոբալ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երևանում՝ մասնակցելու գլոբալ կորպորատիվ համաժողովին։

Հանդիպման նպատակն է գնահատել կատարված աշխատանքի արդյունքները, քննարկել և հաստատել խմբի զարգացման ընդհանուր ռազմավարությունը։ Մասնավորապես, քննարկվելու է գլոբալ և տարածաշրջանային թվային պրոդուկտների ներդրումը։ Հայաստանն ընտրվել է որպես այս հանդիպման անցկացման վայր, քանի որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խմբի արագ զարգացող ընկերություններից է և արդեն մեծ փորձ ունի թվային պրոդուկտների և ֆիքսված ենթակառուցվածքների ոլորտներում։

«Ես ուրախ եմ կրկին այցելել Հայաստան։ Այն ռազմավարական նշանակության շուկա է «ՎԵՈՆ»-ի համար Եվրասիայում։ Հայաստանում Beeline-ը «ՎԵՈՆ» խմբի մասն է 2006թ.-ից ի վեր, և այդ ընթացքում մենք այստեղ շատ ձեռքբերումներ ունենք։ Beeline-ն առաջինը Հայաստանում և երրորդն աշխարհում 2016 թվականին գործարկեց ֆիքսված LTE-450 (Long-Term Evolution) ցանցը: Իհարկե, մեր ներդրումները շարունակվելու են, ինչպես և տրանսֆորմացիայի և թվայնացման գործընթացները, որպեսզի «ՎԵՈՆ Արմենիա»-ն դառնա ժամանակակից տեխնոլոգիական կազմակերպություն։ Ամեն դեպքում, մեր վերջնական նպատակը հաճախորդներին նորարարական թվային ծառայություններ տրամադրելն է», – նշեց «ՎԵՈՆ» խմբի Գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն։

ՎԵՈՆ»-ը Եվրասիայում միակ իրապես միջազգային օպերատորն է: Մենք հետևողական ներդրումներ ենք կատարում այս տարածաշրջանում լավագույն թվային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար: Հայաստանը Եվրասիական շուկայում յուրահատուկ տեղ է զբաղեցնում, որովհետև այն միակ շուկան է «ՎԵՈՆ»-ի համար, որտեղ մենք խոշոր ֆիքսված կապի օպերատոր ենք: Այստեղ մենք մատուցում ենք համալիր հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը շահեկան է մեր բաժանորդների համար», – ասաց Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է, և հաճախորդների պահանջներն արագ փոփոխվում են: «ՎԵՈՆ»-ը Հայաստանում ստանձնել է այս փոփոխվող պահանջները բավարարելու պարտավորությունը: Հայաստանում Beeline–ի նպատակն է մեր բաժանորդներին տրամադրել լավագույն տեխնիկական հնարավորությունները, պարզ և հարմար ծառայությունները՝ օգտագործելով բոլոր հնարավոր թվային միջոցները։ Մենք մտադիր ենք շարունակ աշխատել ի շահ մեր բաժանորդների և ողջ հասարակության», – ավելացրեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ համաժողովում մասնակցելու համար Հայաստան են այցելել «ՎԵՈՆ» խմբի ավելի քան 180 գլոբալ և տարածաշրջանային ղեկավարներ։




Լրահոս