Ինչու է մարել Սերգեյ Լավրովի լավատեսությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, եւ հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտեւի»,-երեկ Երեւանում խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Բացի այդ՝ նա կրկնել է նախօրեին Բաքվում հնչեցրած հայտարարությունները. «ԼՂ հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ:

Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձեւավորվել են մեկ փաթեթում, եւ դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք, դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Դրանք բալանսավորված փաստաթղթեր են, եւ մեկ տարր առանձնացնելու դեպքում կխախտվի բալանսը: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:

Միայն թե, նկատենք, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի թերահավատությունը տարօրինակ էր. նախկինում Լավրովը երբեւէ չէր բարձրաձայնել այս մասին, որքան էլ բանակցային գործընթացը տարբեր ժամանակներում անհուսալի թվար: Մինչդեռ հիմա Լավրովն իր լավատեսության բացակայության մասին բարձրաձայնել է Երեւանում՝ Բաքու այցից հետո, ընդ որում, Ադրբեջանում նրա հայտարարություններում թերահավատության նշույլներ չկային: Դեռ ավելին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ համատեղ ասուլիսի ողջ ընթացքում հայտարարել է, թե խնդիրը չի կարգավորվում հենց Ադրբեջանի պատճառով, քանի որ նրանք ամեն անգամ հնարավոր ու անհնարին մեթոդներով ետ են կանգնում ձեռք բերված համաձայնություններից, որ այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա, եւ հայտնի են բոլոր սկզբունքները, մնում է՝ իրագործվեն:

Ավելին՝ երեկ էլ Նալբանդյանը պնդել է. «Հայաստանը մտադրված է, եւ մենք երբեւէ ետքայլ չենք կատարել ձեռք բերված պայմանավորվածություններից Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»:
Եւ ուրեմն՝ ի՞նչն է ստիպել Լավրովին Երեւանում այսկերպ խոսել՝ դժվար է միանշանակ պնդելը: Կարելի է ենթադրել՝ այնուամենայնիվ, նրա խոսքերը, թե Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, այնքան էլ միանշանակ արձագանք չեն ստացել ՀՀ-ում, եւ հիմնական դժվարությունն այստեղ է: Չէ՞ որ ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, վետոյի իրավունք ունի եւ կարող է կասեցնել Ադրբեջանի մուտքը տնտեսական այդ միավորում:




Լրահոս