Ադրբեջանցի քաղաքագետներից մեկի՝ օրերս հնչեցրած խոսքերը, թե ՌԴ-ն ԼՂ շրջակա հինգ շրջանները Բաքվին վերադարձնելու համար իրենց երկրին 3 նախապայման է առաջադրել՝ Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, եւ որ ԼՂ-ում պետք է տեղակայվեն ռուսական զորամիավորումներ, առանձնապես լուրջ չընդունվեց:
Բայց արդեն այս շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու, այնուհետեւ Երեւան այցի ժամանակ պարզ դարձավ, որ նման պնդումները հիմքեր ունեին: Լավրովը խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին՝ ասելով, թե իրենք ուրախ կլինեն այդ երկրին տեսնել ԵԱՏՄ-ում: Նա նաեւ խոսեց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հայտարարելով. «Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել եւս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:
Այլ կերպ ասած՝ արդեն բացահայտ շրջանառության մեջ է դրվել թեզը, թե ԼՂ խնդրի լուծումը հնարավոր է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությամբ: Ու հիմա այսպես փորձ է արվում շոշափել հասարակական տրամադրությունները եւ մարդկանց նրբորեն վարժեցնել այդ հեռանկարին:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ իշխանություններն էլ կարծես թե դեմ չեն Ադրբեջանին ԵԱՏՄ-ում տեսնելու հեռանկարին, ըստ այդմ, ԼՂ խնդիրն այդպես լուծելու տարբերակին: Կառավարության երեկվա նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Ադրբեջանի ԵՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել միության մասին պայմանագրի այն դրույթը, որ նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամ պետությունը պետք է որեւէ քայլեր չձեռնարկի ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի:
Իսկ եթե մենք խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել մի բան, որ ինքը շրջափակում է ՀՀ-ն, ակնհայտ է, որ դրանք գործողություններն են, որոնք ուղղված են ի վնաս անդամ պետության շահերի: Դրա համար ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե՛ դիտորդ, թե՛ անդամ պետության համար, իսկ դա նշանակում է, որ ինքը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել ՀՀ-ի հետ»։
Ամեն ինչ տրամաբանական է հնչում: Նաեւ տրամաբանության մեջ է առայժմ փոխնախարարի մակարդակով նման հայտարարությունները, որպեսզի գործընթացն անցանկալի հունով ընթանալու դեպքում հնարավոր լինի ավելի բարձր մակարդակով կոշտացնել դիրքորոշումը: Չէ՞ որ Լավրովն էլ ասել էր, թե «չափազանց լավատես չէ»: