Ինչու է ձվի գինը կտրուկ բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ձվի գնագոյացման շուրջ ArmLur.am-ը պարզաբանում է խնդրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Ի պատասխան մեր հարցադրման` ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը նշեց.

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը օրենքով վերահսկողություն է իրականացնում միայն այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Հարկ եմ համարում նաև նշել, որ Հանձնաժողովը գների կարգավորման կամ վերահսկողության մեխանիզմ չունի, պարզապես այս կամ շուկայում տեղիունեցող գնային փոփոխությունները կարող են ուսումնասիրվել՝ պարզելու, արդյոք տեղի ունեցած փոփոխությունները համահունչ են միջազգային գնաճին, ձեռքբերման գներին և այլն:

Ինչպես գիտեք, Հանձնաժողովը շաբաթական երեք անգամյա կտրվածքով մայրաքաղաքի գերիշխող սուպերմարկետներում իրականացնում է մոնիթորինգ:

Ինչ վերաբերում է ձվի և շուկային, ապա նախ նշեմ, որ ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները բացարձակ անհիմն են, նման խնդիր գոյություն չունի և այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով ինչ նախկինում:

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ձվի գնագոյացումը պայմանավորված է նաև սեզոնայնությամբ: Սովորաբար, տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված՝ նկատվում են գնային որոշակի տատանումներ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնային փոփոխությունը 2-3 դրամի սահմանում է՝ կախված տեսակից, որակից, արտադրող կամ ներկրող  ընկերությունից և այլն: Հարկ եմ համարում նշել նաև, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ, սովորաբար տարվա այս ժամանակահատվածում իրականացվում են նաև ներկրումներ: Հանձնաժողովը ակնկալում է, որ նոր խմբաքանակների ներկրմանը զուգահեռ, լիարժեք կբավարարվի պահանջարկը և գնային փոփոխությունների խնդիր չի առաջանա: Այնուամենայնիվ, քանի որ ինչպես արդեն նշեցի այս շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, ապա, Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու նպատակով»:




Լրահոս