Հարց քաղաքացիներից` խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո ձախ պե՞տք է տանել, թե՞ հակառակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո ձախ պե՞տք է տանել, թե՞ հակառակը: Ուզում եմ իմանալ, ո՞րն է ճիշտ տարբերակը:

Անի Պողոսյան (21 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են եւ ձեռքի համարժեք շարժումներ կատարում. Հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) եւ Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) եւ Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքի բաց ափը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետեւյալ կերպ. Во имя Отца (աջ ձեռքը բարձրանում է վերեւ) и Сына (ձեռքն իջնում է կրծքավանդակ) и Святого (ձեռքը գնում է աջ) Духа (ձեռքը գնում է ձախ), Аминь:

Նկատելի է, որ «Հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:
Օրհնությամբ, Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եկեղեցի մտնելիս կամ աղոթելիս քրիստոնյաները հաճախ խաչակնքում են: Խաչակնքելու իմաստը հետեւյալն է. երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը, էությունը գամվեց խաչի վրա, եւ թող այսուհետեւ Քրիստոսի միտքը գրավի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքեւ, ուզում ենք ասել, որ այլեւս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ. նա մեռավ խաչի վրա, այլ թող Քրիստոս թելադրի իր կամքը մեզ: Ձախ եւ աջ տանելով` ուզում ենք ասել, որ ձեռքերը դարձյալ խաչվեցին խաչի վրա, որոնք չարություն գործելու համար արդեն անպիտան են, եւ պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը եւ ասելով «Ամեն»՝ հաստատում ենք եւ համաձայնում այդ ամենին: «Ամեն» նշանակում է «ճիշտ է», «ես համաձայն եմ»:




Լրահոս