Հարց քաղաքացիներից` եթե աշխատավարձն ու այլ եկամուտներն ամբողջությամբ ԴԱՀԿ-ի կողմից դրված են արգելանքի տակ, ապա անձն ի՞նչ պետք է անի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձն ու այլ եկամուտներն ամբողջությամբ ԴԱՀԿ-ի կողմից դրված է արգելանքի տակ, ապա անձն ի՞նչ պետք է անի:
Իրինա Մխիթարյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտապանի բանկային հաշիվների վրա արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունի` արդյո՞ք այդ հաշիվներով պարտապանը աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե՞ ոչ: Ուստի, եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ, ապա դրանց վրա կիրառված արգելադրումը լրիվ կամ մասնակի վերացնելու համար անհրաժեշտ է հարկադիր կատարողին ներկայացնել աշխատանքի վայրից (կամ այլ եկամուտ վճարողից) տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի նաեւ աշխատավարձի (եկամտի) չափը, բանկը, որի միջոցով ստանում է աշխատավարձը (եկամուտը), եւ այն հաշվեհամարը (գործատուի կամ այլ եկամուտ վճարողի հաշվեհամարը), որից փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի եւ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձեւով ուղարկվում է պահանջատիրոջը եւ պարտապանին։




Լրահոս