Կամավորության արդյունքը՝ բնակարանամուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Բազմաբերդ գյուղում, տարիների սպասումից հետո, բնակարանի տեր է դարձել Մանուկյանների երիտասարդ ընտանիքը: Իրականացված երազանքի երջանկությունը կիսելու համար՝ նրանց են միացել շրջայցով գյուղ մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները: Դեռ երկու ամիս առաջ, գործակցող կողմերի աշխատակիցները և տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողները, կամավորության սկզբունքով մասնակցում էին Մանուկյանների տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներին: Գործադրված համատեղ ջանքերի և պատասխանատու արժեհամակարգի շնորհիվ, երիտասարդ ընտանիքի համար ստեղծվել են նոր հնարավորություններ:

Միայն ընթացիկ տարում, Արագածոտնի մարզում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է շահառու վեց ընտանիք: Նրանց անցած ճանապարհները եղել են տարբեր, սակայն բոլորն էլ ունեցել են նույն խնդիրը. սեփական տանիքը ստեղծելու տարիների անհաջող փորձ: Այժմ իրավիճակն այլ է. ձմռան շեմին ապահով տանիք ունենալը լրջագույն խնդրի լուծում է:

Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալված բնակարան:

«Առանց օգնության, չգիտեմ դեռ քանի տարի պիտի դռնեդուռ ընկած, օտար, վարձված բնակարաններում մեծանային երեխաներս: Մեծ երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում շնորհիվ տարիների անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ: Անչափ երախտապարտ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հրաչը:

Վեց տարվա համագործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք:

Ներքին Բազմաբերդ գյուղում ևս մեկ ընտանիք տան տանիքը վերանորոգել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվությամբ:

«Այստեղ, մեր աշխատակիցների հետ միասին, շինարարությանը մասնակցել են նաև ուսանողներ: Երբ նախաձեռնում էինք այդ ամենը, կար կարևոր նպատակ. երիտասարդությանը կոնկրետ օրինակով ցույց տալ կամավորության արժեհամակարգի կարևորությունը, միասին հաջողության հասնելու վայելքը և անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հոգատար և պարզ լինելու անհրաժեշտությունը: Ուզում եմ հավատալ, որ այդ հարցում մենք հաջողել ենք: Այդ երիտասարդները վաղը կարող են նույն արժեհամակարգի տարածողը լինել իրենց շրջապատում: Իսկ այսօր կարևոր ուղերձ ունենք տանտերերին. ամուր կանգնել ոտքի վրա, սահմանել նոր նպատակներ և հասնել նաև դրանց իրականացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Յուրաքանչյուր սերունդ կյանքում իր դժվարություններն է ունենում, սակայն տարրական հարմարավետությունը, հատկապես երեխաների համար, առաջնահերթ է: Մեր ծրագրի նպատակն է արժանավայել ապրելու հնարավորություն տալ հնարավորինս շատ ընտանիքների: ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը Հայաստանում տնազրկության դեմ պայքարելու, ապագան ավելի լավը դարձնելու լավագույն դրսևորում է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի 10 մարզերում իրականացվող ծրագիրը 150 ընտանիքի, ավելի քան 700 մարդու երջանկության առիթ է դարձել՝ նրանց փոխանցելով լավատեսություն և ապագայի հանդեպ վստահություն:

2017 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:




Լրահոս