Ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող, բայց արդեն սնանկ ճանաչված «Մանչո Գրուպ» ընկերությունը նոր պարտատերեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է ոչ միայն առեւտրային բանկերին, այլեւ պետական եկամուտների կոմիտեին: Օրինակ՝ «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ին ընկերությունը պարտք է 4 մլն 588 հազար դրամ, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին` 184 մլն 634 հազար դրամ:
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 29-ին «Էյչ-Էս-Բի-Սի» բանկը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ ահա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ մարտի 14-ի վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: «Մանչո գրուպ»-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին պարտատերերի հաստատված ցուցակ դեռ չկա:
Ապա տեղեկացրեց, որ ընկերության սեփականատերը լուրջ մտադրություն ունի ընկերության առողջացման ծրագիր ներկայացնելու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ ընկերության առաջին պարտատերը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն է, որի պահանջի չափը կազմել է 8 մլն 850 հազար 480 դոլար, 27 մլն 257 հազար 765 դրամ եւ 500 հազար դրամ:
Պարտատերերի ցանկում է տեղ գտել նաեւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի» ընկերությունը, որի պահանջի չափը կազմում է 14 մլն 411 հազար 998 դոլար: «Մանչո գրուպ»-ը պարտք է նաեւ «Քուանդիլ Սերվիսիզ ԼԹԴ» ՍՊԸ-ին, իսկ պահանջի չափը կազմում է 350 հազար դոլար: «Մոդուս Գրանում»-ի պարտք կազմում է 340 մլն 186 հազար դրամ, «Սարանիստ»-ինը՝ 22 մլն 913 հազար դրամ, «Կարտոն-Տարա»-ին` 8 մլն 880 հազար դրամ:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս երկու-երեք տարի առաջ «Մանչո գրուպ»-ը Հայաստանի ամենախոշոր ալյուր արտադրող չորս ընկերություններից մեկն էր: Ցորենի ներկրման եւ ալյուրի արտադրության շուկայի 20-ից 25 տոկոսը բաժին էր հասնում հենց այդ ընկերությանը:
Սյունէ Համբարձումյան