ՁԵՎԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական փաթեթից օգտվող պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է` հանգստի նպատակով պետության կողմից իրենց հատկացված 80 հազար դրամները չեն կարողանա Ամանորի տոներին օգտագործել, իսկ եթե մինչեւ տարեվերջ այդ գումարը չօգտագործեն, ապա դրանից կզրկվեն: Հյուրանոցների մեծ մասը հրաժարվում է քաղծառայողներին սպասարկել՝ պատճառաբանելով, թե գալիք տոնական օրերին իրենք ազատ տեղեր չունեն:

Ինչպես հայտնի է` սոցիալական փաթեթից կարող են օգտվել միայն քաղծառայողները, պետական պաշտոններ զբաղեցնող անձանցից` կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների, պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողները: Փաթեթի շրջանակներում տրամադրվող միջոցները պետական համակարգի աշխատակիցները կարող են օգտագործել 4 ուղղություններով` հանգստի նպատակով, հիփոթեքային վարկերի մարում, ուսման վարձերի վճար եւ առողջապահական լրացուցիչ ծառայությունների ապահովագրում: Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից դեռեւս 2011 թվականին ընդունված որոշմամբ` սոցիալական փաթեթի շրջանակներում շուրջ 120 հազար պետական աշխատողներ իրենց հանգիստը կազմակերպելու համար 132 հազարական դրամ են ստանում: Այդ գումարից 52 հազար դրամը հատկացվում է պարտադիր բժշկական ապահովագրության համար: Այսինքն՝ զուտ հանգստի համար հատկացվող գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 80 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սոցիալական փաթեթով հանգիստ կազմակերպող տուրիստական գործակալությունների ցանկը տեղադրված է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պաշտոնական կայքէջում: Ըստ այդմ, սոցփաթեթից օգտվել ցանկացողները կարող են դիմել ցանկում տեղ գտած 50-ից ավելի տուրիստական գործակալություններին:
Ի դեպ, նշենք, որ սոցիալական փաթեթից օգտվողներն իրենց հանգիստը կարող են անցկացնել միայն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում: Ըստ կառավարության` այս մոտեցման նպատակն է նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը: Բայց պարզվում է, որ կառավարությունը ընդամենը ցանկանում է, որ ներգնա տուրիզմը զարգանա առանց առարկայական քայլերի:
Քանի որ պետության կողմից հանգստի նպատակով քաղծառայողին հատկացված 80 հազար դրամը բավարար չէ՝ ընտանիքի մեկ-երկուօրյա հանգիստը կազմակերպելու համար: Բազմաթիվ հյուրանոցներ եւ հանգստյան տներ հրաժարվում են Ամանորի շրջանակներում քաղծառայողներին սպասարկել 80 հազար դրամի սահմաններում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները վրդովված պատմեցին, որ այս ընթացքում ցանկացած հյուրանոց դիմելիս պարզում են, որ իրենց հատկացված 80 հազար դրամը շատ քիչ է՝ հանգիստը կազմակերպելու համար: Կան նաեւ հյուրանոցներ, որոնք առաջարկում են դիմել հունվարի 7-ից հետո, երբ տոնական օրերը ավարտված կլինեն, եւ նրանք էլ սոցփաթեթից չեն կարողանա օգտվել:
Օրինակ՝ «Սիրով» տուրընկերությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, լսելով հանգստի նպատակով հատկացված 80 հազար դրամի մասին, անմիջապես հայտարարեց. «Եթե մեկ անձի համար է, ապա կարող ենք 80 հազար դրամի սահմաններում առաջարկել Հանքավանի «Նաիրի» հյուրանոցը երկու օրով: Բայց միայն այս օրերին, իսկ Ամանորին` ոչ»: Իսկ եթե քաղծառայողը ցանկանում է Ամանորը դիմավորել Հանքավանի «Նաիրի» հյուրանոցում, ապա նա պետք է 80 հազար դրամին ավելացնի 30 հազար դրամ. կրկին երկու օրով: Բայց արդեն ուշ է, քանի որ տեղերը զբաղված են: Իսկ եթե ազատ համար լինի «Նաիրի» հյուրանոցում, ապա երկու անձի դեպքում Ամանորը անցկացնելու ծախսերը կկազմի 500 հազար դրամ: «Ռումէա» գործակալությունը եւս չկարողացավ 80 հազար դրամի չափով առաջարկ ներկայացնել: Ընկերությունից փոխանցեցին, որ երկու անձից՝ 5 տարեկան երեխայի հետ, Ծաղկաձորի մարզահամալիրում տոնական օրերը անցկացնելու համար պահանջվում է 370 հազար դրամ, իսկ ԼՂՀ-ի «Վալլեքս» հյուրանոցում` 350 հազար դրամ: Այսինքն՝ եթե մարդը ընտրում է Ծաղկաձորի հյուրանոցը, ապա նա իր ունեցած 80 հազար դրամին պետք է ավելացնի 290 հազար դրամ: «Լոկա թրավել» ընկերությունից մեկ անձի համար 80 հազար դրամով առաջարկեցին երկու օր` օրական 40 հազար դրամով Ծաղկաձորի մարզահամալիրի հյուրանոցի առաջին հարկը, որտեղ սենյակները փոքր են եւ առանց գալա ընթրիքի: Ի դեպ, տվյալ ընկերությունը առաջարկեց նաեւ Ղարաբաղում «Եվրոպա» հյուրանոցը, որտեղ երկու անձի ծախսը կազմում է 288 հազար դրամ, իսկ Դիլիջանի «Դղյակ» հյուրանոցում` երկու անձի համար 190 հազար դրամ:
Եւս մի ընկերության` «Ֆան թրավել»-ի աշխատակիցը առաջարկեց միայն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հյուրանոցը` դեկտեմբերի 31-ց մինչեւ հունվարի 5-ը: Ապա տեղեկացրեց, որ հյուրանոցը միջին կարգի է, ո՛չ լողավազան կա, ո՛չ էլ մարզասրահ, իսկ ամանորյա տոնակատարություն չի լինելու: Այստեղ մեկ անձի համար պահանջվում է 75 հազար դրամ: Նշված տուրընկերության աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ մյուս հյուրանոցները Ամանորն իրենց մոտ անցկացնելու համար մեկ անձի համար պահանջում են 150 հազար դրամ եւ ավել գումար: Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցում 80 հազար դրամով անհնար է Ամանոր նշել: Հյուրանոցի աշխատակիցը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ 80 հազար դրամով անձը կարող է չորս օր անցկացնել հյուրանոցում, բայց սոված: Իսկ ամանորյա փաթեթները սկսում են 500 հազար դրամից երկու անձի համար:
Մի խոսքով, բոլոր այն քաղծառայողները, ովքեր միամտաբար իրենց սոցփաթեթները չեն օգտագործել՝ հույսեր փայփայելով, որ ամանորյա տոները նշելու նպատակով այն կօգտագործեն, փաստի առաջ են հայտնվել:
Իսկ ամենավատն այն է, որ եթե արտերկրյա հանգստի ֆինանսավորման արգելքը չլիներ, ապա քաղծառայողները հաստատ կկարողանային իրենց հատկացված գումարով հիասքանչ մի օր անցկացնել Վրաստանի քաղաքներից մեկում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԷԺԱՆ ՎԱՐԿԵՐ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» մասին որոշման նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագծով առաջարկվում է սուբսիդավորել կաթիլային ոռոգման նպատակով գյուղացիական տնտեսություններին մինչեւ 12 տոկոսով վարկերի տրամադրում: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այս ծրագրի իրագործման արդյունքում չորս տարիների ընթացքում կխնայվի առնվազն 75 մլն խմ ջուր, իսկ գյուղացիական տնտեսությունները կստանան շուրջ 9 մլրդ հավելյալ եկամուտ: Մասնավորապես գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճը, ըստ տարիների, հետեւյալ պատկերն է ունենալու՝ 2018թ.` 0.6 մլրդ դրամ, 2019թ.` 1.2 մլրդ դրամ, 2020թ.` 1.8 մլրդ դրամ, 2021թ.` 2.4 մլրդ դրամ եւ 2022թ.` 3 մլրդ դրամ: Ենթադրվում է, որ ծրագրի շնորհիվ տարեկան 1.6-1.7 հազ. հեկտար տարածքում կներդրվի կաթիլային ոռոգման համակարգ: Ըստ նախագծի՝ գյուղատնտեսական վարկերը պետք է տրվեն առավելագույնը 14%-ով, այսինքն՝ պետությունը կսուբսիդավորի 2 տոկոսը: 1 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման միջին արժեքը, ըստ գյուղատնտեսության մասնագետների, կազմում է 1.3 մլն դրամ է: Ըստ այդմ, վարկավորման գումարը տարեկան 1600 հա հողատարածքների համար կազմելու է շուրջ 2 մլրդ դրամ: Վարկերը տրամադրվելու են երեք տարի ժամկետով, մարման պարբերականությունը` 6 ամիս:
Ծրագրի իրականացման համար 2018 թվականին պետական բյուջեից կհատկացվի 114 մլն 652.778 հազ. դրամ, 2019 թվականին` 313 մլն 263.889 հազ. դրամ, 2020 թվականին` 425 մլն 208.333 հազ. դրամ, 2021 թվականին` 455 մլն դրամ եւ 2022 թվականին` 966 մլն 875 հազ. դրամ: Ուշագրավն այն է, որ ամենախոշոր սուբսիդավորումը նախատեսվում է ծրագրի վերջին՝ չորրորդ տարում, որն, ի դեպ, նախընտրական տարի է լինելու, քանի որ 2022 թվականի գարնանը տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները:

Վ. Հ.

 

 

 

ԳՈՒՄԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շրջանառության մեջ է դրել կառավարության մի քանի որոշումներում փոփոխություններ նախատեսող մի նախագիծ, որի արդյունքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ֆինանսական բարելավումներ կունենա: Կառավարության որոշման նախագծի նպատակն է լուծել Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալության գրասենյակների խնդիրը: Ինչպես հայտնի է՝ նշված գերատեսչությունները վարձակալական հիմունքներով տեղակայված են «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում: ՀՀ ֆինանսների նախարարությունը նշված հասցեում զբաղեցնում է 1750 քառ.մետր մակերեսով, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը՝ 400 քառ.մետր մակերեսով, իսկ ՀՀ ԱՎԾ Երեւանի գործակալությունը՝ 350 քառ. մետր մակերեսով տարածքները: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության որոշման նախագծից տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման վարչությունն առաջարկում է երկարաձգել վարձակալությունը մինչեւ 2018 թվականի ավարտը: Վարձակալվող տարածքների 1 քառ. մետրի վարձավճարը կազմում 4934 դրամ: Մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության համար տարեկան վարձավճար կկազմի 103 մլն 614 հազար դրամ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության համար՝ 23 մլն 683 հազար 200 դրամ, իսկ ՀՀ ԱՎԾ Երեւանի գործակալությանը՝ 20 մլն 722 800 դրամ: Այսինքն՝ նախատեսվում է եկող տարի եւս «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին միայն վերը նշված տարածքների վարձակալության համար վճարել 148 միլիոն 20 հազար դրամ:
Իսկ նշված ընկերությունը, ինչպես հայտնի է, կապվում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքի հետ: Ասել է, թե ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ պետական պաշտոնյայի ընտանիքին, որ չնեղվեն, ծախսելու գումար ունենան:




Լրահոս