ՖՈՏՈ. Հայաստանում բացվել է Վայրի կենդանիների փրկարար առաջին կենտրոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կայացել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնն ունի նոր առաքելություն. Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո, իրականացնել Կարմիր գրքում գրանցված՝ գորշ արջերի փրկության ծրագիրը։

Ավելի քան 1 հա տարածք զբաղեցնող կենտրոնին կից կառուցվել է օժանդակ կլինիկա։

Շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո կենտրոնում հնարավոր կլինի շուրջօրյա վերահսկողությամբ ապահովել փրկված կամ կենտրոն տեղափոխված արջերի մասնագիտական խնամքն ու հետագա վերականգնումը: Կենտրոնը կարող է կացարան լինել 30 արջի համար։

2017թ.-ին հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անազատության մեջ պահվում է Կարմիր գրքում գրանցված ավելի քան 60 արջ։ Այս կենդանիները պահվում են ինքնաշեն ճաղավանդակներում՝ ռեստորանների, լցակայանների, հյուրանոցների, մասնավոր կառույցների հարևանությամբ և տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու նպատակով՝ առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի և տեսակին համապատասխան կենսապայմանների։

Կենտրոնում փրկված արջերը կանցնեն բուժման և ադապտացման բոլոր փուլերը, որից հետո՝ բացառիկ դեպքերում հնարավոր է վերադարձ վայրի բնություն, ինչպես օրինակ՝ տարեսկզբում Լոռվա մարզում առանց մոր գտնված արջի երկու քոթոթները։

Արջերի փրկության ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվել Երևանի կենդանաբանական այգու աջակցությամբ, որտեղ այս պահին վերականգնման փուլ է անցնում փրկրված 10 արջ։

Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոնը հետագայում նույնպես կհամագործակցի Երևանի կենդանաբանական այգու հետ՝ վայրի կենդանիների փրկության հարցում։

Կենտրոնի տեսլականում Կովկասյան հովազների փրկության, վերականգնման և վերարտադրության ծրագիրն է, որը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ Կարմիր գրքում հայտնված Կովկասյան հովազի վերարտադրությունը։

Կենտրոնի բացմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

«Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝ վայրի կենդանի պահելը ոչ թե զվարճանք է, այլ՝ պատասխանատվություն: Բնությունից կտրված լինելն արդեն որոշակի սթրես է կենդանիների համար: Իսկ երբ դրան ավելանում է նաև ոչ ճիշտ խնամքը՝ իրական վտանգ է առաջանում թե՛ կենդանու, և թե՛ մարդկանց համար: Կենդանի խնամելը չի սահմանափակվում սնունդ ապահովելով. կան այնպիսի հարցեր, որոնց տիրապետում են միայն մասնագետները: Գործակցության արդյունքում ստեղծված այս կենտրոնը կարևոր նշանակություն է ունենալու նման երևույթն իր հետևանքներով կանխելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«FPWC հիմնադրամն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին փրկել Կարմիր գրքում գրանցված և անազատության մեջ պահվող 60-80 գորշ արջի։ Այս նախաձեռնությունն անհնար կլիներ առանց պետական գերատեսչությունների, հատկապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանական պետական տեսչության և ԱԻՆ-ի անմիջական միջամտության։ Շնորհակալ ենք նաև Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի կենդանաբանական այգու արջերի և գայլերի ընդարձակ ազատավանդակի կառուցման համար։ Առանց այս ամենի պարզապես անհնար կլիներ նախաձեռնել նման լայնածավալ ծրագիր»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

FPWC-ի և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության շրջանակում ներկայումս լրամշակվում է ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքը, որի դրույթների լիարժեք կիրառման դեպքում, հնարավոր կլինի ապահովել խնդրի լուծման իրավական կողմը։

Արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել FPWC գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով։




Լրահոս