Սերժ Սարգսյանը խճճեց խաղաքարտերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցում այդպես էլ չհնչեց ամենակարեւոր հարցի պատասխանը՝ արդյո՞ք նա պատրաստվում է 2018թ. ապրիլից զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը` դառնալով երկրի փաստացի ղեկավարը, թե՞ ոչ: Ու որքան էլ նա փորձում էր համոզել, թե դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ, միեւնույն է` հասարակական-քաղաքական օրակարգում ամենաքննարկվող հարցը հենց դա է, ավելին՝ ՀՀԿ-ականներն իրենք են ակտիվորեն փորձում հասարակությանը նախապատրաստել «Սերժ Սարգասյանին այլընտրանք չկա» գաղափարին:

Մինչդեռ երեկ Ս. Սարգսյանը կրկնեց բազմիցս արտահայտած տեսակետը, թե դեռ այդ հարցում որոշում չունի: «Նախ՝ պիտի ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ որ կգա, կհայտարարեմ: Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչեւ այլ գործոններ»: Հետո մի քանի նուրբ գովեստի խոսք հնչեցրեց գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հասցեին, որը հայտարարել է, թե պատրաստ է 2018թ. ապրիլից հետո էլ շարունակել կառավարության ղեկավարի լիազորությունները:

«Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, եւ ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը` որպես վարչապետ, որպես մարդ, մեզ համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է»։

Բացի այդ` Ս. Սարգսյանը վստահեցրեց, որ ինքը հոգնած չէ. «Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։

Ես ինձ նորմալ եմ զգում…Վերջ ի վերջո որեւէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին եւ դառնալ ՀՀ նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ եւ իրոք պատրաստ եմ մինչեւ վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել եւ ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ»։ Ու վերջապես հարցին՝ կշարունակեք մնալ քաղաքականության մեջ, նա ասել է` տեսնենք։

Այլ կերպ ասած` Ս. Սարգսյանն այդպես էլ հստակ պատասխան չի տվել, այլ ընդհակառակը՝ ըստ էության խճճել է խաղաքարտերը՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով հետագա իշխանավարման հարցը: Սա, թերեւս, իր սովորությունն է, եւ տպավորուոթյուն է, թե նա այսպես սպասում է զարգացումներին, նաեւ իշխանության ներսում հնարավոր դրսեւորումներին, որպեսզի բացահայտի իր թիմի դավադիրներին:

Հ.Գ. Վերջում ուղղակի. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մեծ ասուլիս էր հրավիրել 1640 լրագրողների մասնակցությամբ, որը տեւել է 3 ժամ 45 րոպե, պատասխանել է 65 հարցի:




Լրահոս