Ամանորին կարևորը խոզի բուդ դնելը չէ, այլ ինքդ քեզ մոտ վերադառնալը. Հայկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ ամանորյա սեղաններին բուդը գերակշռող է դառնում, դա նշանակում է, որ տոնը շատ է նյութականացվել, այնինչ` այս տոնը, ըստ իս, պարունակում է մեծ հոգեւոր խորհուրդ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Հայկական Նոր տարի» համերգ-ներկայացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ 19-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Հայկը հիշեցրեց՝ երբ բուդը նոր էր «մոդա ընկնում», շատերը դա համարում էին ավելորդ շռայլություն, սակայն կամաց-կամաց այն դարձավ սովորական, իսկ հետո՝ պարտադիր. «Նոր տարին, իհարկե, նաեւ քեֆ-ուրախություն անելու համար է, բայց չէ՞ որ այն իր մեջ կախարդական հեքիաթ է պարունակում: Դու նայում ես քո անցած ճանապարհին, ամփոփում ես տարին, գնահատականներ ես տալիս, փորձում ես նոր էջ բացել քո կյանքում: Եթե ընկերոջդ վիրավորել ես, ներողություն ես խնդրում, եթե մայրիկիդ քիչ ես գրկել, Ամանորի գիշերը դրա համար լավ առիթ է: Ինձ համար դա է Նոր տարին»:

Հայկը տեղեկացրեց, որ ներկայացման շրջանակում հնչելու են հումորներ՝ ամենատարբեր թեմաների շուրջ: Իհարկե, թեմաների գերակշռող մասը վերաբերելու են Ամանորին, բայց կլինեն անդրադարձներ նաեւ կին-տղամարդ հարաբերություններին, կհնչեն կատակ երգեր. «Այս անգամ աշխատել եմ քաղաքական թեմաներով քիչ կատակել, որովհետեւ, ըստ իս, Ամանորին մարդիկ ցանկանում են կտրվել առօրյա հոգսերից, մեր իրականությունից, որն առանց այդ էլ բավական քաղաքականացված է, ուզենք դա, թե ոչ»:

Նշենք, որ համերգի ընթացքում Հայկը դուետներով հանդես է գալու երգչուհիներ Սոնա Ռուբենյանի, Մաշա Մնջոյանի հետ, նրանց միանալու են նաեւ երգահան Միքայել Ոսկանյանը, Նաիրա Գյուրջինյանի սաները:

Իսկ հարցին, թե որտեղ է պատրաստվում դիմավորել Ամանորը, Հայկը պատասխանեց. «Նոր տարին անցկացնելու եմ Երեւանում: Այս տարի որոշել եմ տանը մնալ, թե չէ արդեն վեց տարի շարունակ Ամանորը դիմավորել էի դրսում: 2017-ին շատ աշխատեցի, ճիշտ կլինի՝ տոները ընտանիքիս, սիրածս մարդկանց հետ նշեմ, թեեւ ասեմ, որ ունեմ արտերկրում միջոցառումներ վարելու առաջարկներ: Առհասարակ, Նոր տարին տուն վերադառնալու, ինքդ քեզ դառնալու լավ առիթ է ընձեռում»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս