Armenian text to speach

ԱՄՆ-ում դատարանը նախարարին արգելել է աշխատակիցներին քրիստոնեական ուղերձներով նամակներ ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆոռնիայի դաշնային դատավորն ԱՄՆ գյուղատնտեսության նախարար Բրուք Ռոլինսին արգելել է օգտագործել ծառայողական էլեկտրոնային փոստն ու իր լիազորությունները՝ աշխատակիցների շրջանում անցանկալի կրոնական ուղերձներ տարածելու համար, հայտնել է Fox News-ը։

Դատարանը եզրակացրել է, որ քրիստոնեական տոների առթիվ նրա երկու շնորհավորանքները կարող էին խախտել եկեղեցին պետությունից անջատելու սահմանադրական սկզբունքը։

Նախնական դատական արգելքը հինգշաբթի սահմանել է օկրուգային դատավոր Թրինա Թոմփսոնը, որին այդ պաշտոնում նշանակել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը։

Դատական քննության առիթ են դարձել էլեկտրոնային նամակները, որոնք Ռոլինսն ուղարկել էր ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության բոլոր աշխատակիցներին 2025 թվականի դեկտեմբերին՝ Սուրբ Ծննդյան, և 2026 թվականի ապրիլին՝ Զատկի առթիվ։ Հաղորդագրություններում Հիսուս Քրիստոսն անվանվել էր «մեր Փրկիչ» և «մեր հարություն առած Տեր»։

Դատավորի կարծիքով՝ օգտագործելով «մենք», «մեզ» և «մեր» դերանունները և հաշվի չառնելով մյուս աշխատակիցների կրոնական համոզմունքները՝ նախարարն իր սեփական հայացքները ներկայացրել էր որպես ամբողջ գերատեսչության համար ընդհանուր։ Թոմփսոնն ընդգծել է, որ պետությունը չպետք է օգտագործի իր լիազորությունները՝ ազդելու մարդու այն որոշման վրա, թե արդյոք նա պետք է որևէ կրոն դավանի և ինչպես։

Հայցը մայիսին ներկայացրել են Դաշնային ծառայողների ազգային ֆեդերացիան և գերատեսչության վեց աշխատակիցներ, որոնք տարբեր կրոնական հայացքներ ունեն կամ որևէ կրոն չեն դավանում։ Նրանք պնդել են, որ նամակների տարածումը ճնշում է գործադրել ենթակաների վրա, որոնք չէին կարող հրաժարվել հաղորդագրությունները ստանալուց։ Դատական նյութերի համաձայն՝ աշխատակցուհիներից մեկը խնդրել էր իրեն հանել հասցեատերերի ցանկից, սակայն նրան պատասխանել էին, որ դա անհնար է, իսկ հետագա բողոքները կարող են «խնդիրներ ստեղծել»։

Ֆեդերացիայի նախագահ Ռենդի Էրվինը ողջունել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ պետական ծառայողները չպետք է դառնան ղեկավարության անձնական կրոնական համոզմունքների ունկնդիրները։

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը որոշումն անվանել է նախարարին լռեցնելու աննախադեպ փորձ և հայտնել, որ գերատեսչությունը դիտարկում է այն բողոքարկելու հնարավորությունը։

Որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ դաշնային ծառայողների կրոնական ինքնարտահայտման պաշտպանության ընդլայնմանն ուղղված ջանքերի ֆոնին։ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահը ստեղծել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակը, իսկ ավելի ուշ վարչակազմը հրապարակել է ուղեցույցներ, որոնք աշխատակիցներին թույլ են տալիս աշխատավայրում ցուցադրել կրոնական իրեր և քննարկել հավատքի հարցեր։




Մամուլի Տեսություն

Լրահոս