Թուրքիան ո՞ւմ առաջ է դրել նախապայմաններ` Սերժ Սարգսյանի՞, թե՞ միջնորդ երկրների. ի՞նչ է ակնարկում Թուրքիայի ԱԳ նախարարը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-թուրքական արձանագրությունների թեման կրկին հայտնվել է օրակարգում: Սա այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստան այցի ժամանակ հիշեցրել էր Սերժ Սարգսյանի` ՄԱԿ գլխավոր ասամբլեայում սեպտեմբերին հնչեցրած խոսքերը, թե ՀՀ-ն 2018թ. գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների` առ ոչինչ հայտարարելով դրանք, եթե մինչ այդ որեւէ դրական տեղաշարժ չլինի:

Եթե Սերժ Սարգսյանի հայտարարությունները լայն արձագանք չգտան Թուրքիայում, ապա Նալբանդյանի հայտարարություններին պաշտոնական Անկարան պատասխանեց: Սկզբում հայտարարություն եղավ, թե առաջինը ՀՀ ՍԴ-ն իր որոշմամբ «արձանագրությունների տառին եւ ոգուն անհամապատասխան նախապայմաններ եւ սահմանափակող պայմաններ առաջ քաշեց», եւ որ ՀՀ-ն դրանք չի վավերացնում սփյուռքի ճնշմամբ: Իսկ երեկ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն է խոսել այս թեմայով` միաժամանակ բավական ուշագրավ փաստ բացահայտելով: «Անկարան Երեւանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը. սա էր հիմնական պայմանը»,- ասել է նա:

Որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մշտապես որպես նախապայման առաջ է քաշել ԼՂ խնդիրը, հայտնի փաստ է: Թուրքիան 1993 փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը մտան Քելբաջար: Դրանից հետո նրանք մշտապես շեշտել են, որ առանց ԼՂ խնդրի լուծման (իսկ լուծման ուղղությամբ առաջին քայլերից մեկը յոթ շրջանների վերադարձն է Ադրբեջանին), իրենք չեն պատրաստվում բարելավել ՀՀ-ի հետ հարաբերությունները:

Բայց Չավուշօղլուի խոսքերը, թե իրենք ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել են նախապայմաններով, նորություն էր: Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում հայկական կողմը մշտապես պնդել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության մասին: Բայց հիմա պարզվում է հակառակը. Թուրքիան Հայաստանի վերաբերյալ նախապայմաններ է դրել, որոնց էլ համաձայնել են:

Միայն թե պարզ չէ` Թուրքիան ո՞ւմ առաջ է դրել այդ նախապայմանները` Սերժ Սարգսյանի՞, թե՞ միջնորդ երկրների: Ու քանի որ արձանագրությունները նախաստորագրվել են, ենթադրվում է` Սերժ Սարգսյանը կամ միջնորդ երկրները համաձայնել են նախապայմաններին: Հայաստանը մինչեւ հիմա չի մեկնաբանել Չավուշօղլուի հայտարարությունները: Մինչդեռ սա կարեւոր է իմանալ, թեկուզ հետին թվով: Իսկ եթե Թուրքիան նախապայմաններ ասելով նկատի է ունեցել ընդհանրապես ԼՂ խնդրի լուծումը, սա միանգամայն այլ խնդիր է:




Լրահոս