Վիճակագրությունը շարունակում է «հիացնել» իր հրաշքներով. ապացուցում են անգամ անապացուցելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը վաստակել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ստանալու բոլոր իրավունքները: Ու քանի որ առջեւում Ամանորն է, կարելի է սա օգտագործել որպես հարմար առիթ` Մնացականյանին պարգեւատրման ներկայացնելու համար («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալն ԱՎԾ պետը ստացել էր դեռ 2015թ.):
Ստեփան Մնացականյանն այս բարձր պատվին արժանացել է թվաբանական մանիպուլյացիաների միջոցով, ամեն գնով Սերժ Սարգսյանի խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար:

Ընդ որում, ԱՎԾ պետին հաջողվել է թվաբանորեն «ապացուցել» անապացուցելին, օրինակ` Հայաստանում այսօր գնաճ գրեթե չկա, ընդամենը` 0.8 տոկոսի չափով: Հիշում եք` Սերժ Սարգսյանն իր վերին հարցազրույցում հայտարարել էր. «Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք: Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է»:

Հիմա Ստեփան Մնացականյանի ղեկավարած կառույցը թվաբանորեն «ապացուցել է», որ այդ պնդումն իրականությանը համապատասխանում է, եւ գնաճն ընդամենը 0.8 տոկոս է, հետեւաբար առավել քան կառավարելի է: Ու ոչինչ, որ այս օրերին խանութ մտնելիս բոլորովին այլ պատկերի ենք ականատես լինում, որ, օրինակ, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գները շեշտակի բարձրացել են: Պարզվում է` այդ ամենը մեզ ընդամենը թվում է, որովհետեւ ըստ ԱՎԾ-ի` գնաճը չնչին է, աննկատելի: Կա նաեւ մեկ այլ տարբերակ` ՀՀ ԱՎԾ-ն ներկայացնում է ոչ թե Հայաստանի, այլ մեզ անծանոթ երկրի վիճակագրություն: Ամեն դեպքում, համաձայնեք, Ստեփան Մնացականյանը թվանկարչության ոլորտում այս օրերին գերազանցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` խլելով վերջինիս փառքը (այլապես նախընտրական շրջանում Մուկուչյանն էր բոլորի ուշադրության կենտրոնում` ստվերելով պարոն Մնացականյանի փառքը):


ԱՎԾ-ն փորձել է նաեւ ապացուցել, որ այս տարվա ընթացքում տնտեսությունն աճել է, այն էլ թռիչքաձեւ: Ու երեկ տնտեսական ոլորտի պատասխանատու նախարարությունները, էյֆորիայի մեջ ընկած, փորձում էին հնարավոր բոլոր միջոցներով տարածել ԱՎԾ վերջին ցուցանիշները` հասարակությանը համոզելով, որ ավելի լավ են ապրում, քան նախկինում էր: Պարզ է` այս ամենն արվել է քարոզչական նպատակներով, քանի որ իրականում մարդիկ իրենց կաշվի վրա չեն զգում այդ աճը, ընդհակառակը, ամեն քայլափոխի համոզվում են նրանում, որ կյանքը գնալով ավելի ու ավելի է թանկացել:

Այս իրավիճակում ԱՎԾ-ն արձանագրել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 7.3 տոկոս: Միայն թե, նկատենք, որ հոկտեմբերի համեմատ` նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 11 տոկոսով, իսկ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այն նվազել էր 7.4 տոկոսով: Ասել է, թե վերջին ամիսներին տնտեսության մեջ որոշակի բացասական միտումներ են նկատվում, բայց չնայած դրան` ԱՎԾ-ին հաջողվում է աճ նկարել: Սա մի իրավիճակում, երբ նախորդ տարվա նույն ամիսներին եւս տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել էր, ըստ այդմ, բավական ցածր է եղել համեմատության բազան: Այնպես որ, արձանագրված աճը մեխանիկական է:

Ըստ ԱՎԾ-ի` հունվար-նոյեմբերի ամիսներին 12.3 տոկոսով աճել է արդյունաբերությունը, չնայած ամսական կտրվածքով էլ այստեղ ետընթաց է` 0.3 տոկոսի չափով: Շինարարությունը 11 ամիսների կտրվածքով 0.3 տոկոսով է աճել, իսկ միայն նոյեմբերին այստեղ աճը 13.4 տոկոս է կազմել: Առեւտրաշրջանառությունն էլ, ըստ ԱՎԾ-ի, աճել է 14.2 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը` 26.4 տոկոսով: Ամենաողբերգական վիճակում շարունակում է գտնվել գյուղատնտեսությունը. չնայած վիճակագրական աճպարարություններին` այստեղ անկումը 3.9 տոկոս է կազմել, իսկ նոյեմբերին` հոկտեմբերի համեմատ, անկումը 52.3 տոկոս է: Սա էլ ժամանակին ԱՎԾ «ազատ թեմայով» թվանկարչության հետեւանքն է, երբ այնպես անարգել էին աճ նկարել գյուղատնտեսության ոլորտում, որ հետո տեսան` այդ տեմպերով շարունակելն անհնար է, եւ կբացահայտվի նրանց գործողությունների կեղծիքը: Կարճ ասած, վիճակագրությունը շարունակում է «հիացնել» իր հրաշքներով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս