Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը:
Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին:
2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին: Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:
Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:
Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. ցնցումների սպառնալիքներով լեցուն տարին ձիու համաստեղության տակ ծնված Ս. Սարգսյանը իր համար հաղթանակով կփակի: Նա կարողացավ քաղաքական դաշտն այնպես վերադասավորել, որ բոլորը եւ ամեն ինչ կախված են բացառապես իրենից: Իսկ ի՞նչ է սպասվում նրան հաջորդ տարում:
Նուրբ խեցգետին եւ զգայուն շուն. սա ամենահարմոնիկ համակցություններից է։ Դուք համբերատար, ուշադիր կլինեք, եւ Ձեզ կհաջողվի հասկանալ շրջապատին, սակայն երբեմն ստիպված կլինեք թաքցնել զգացմունքները։ Գարնան երկրորդ ամսից հետո որոշակի հստակություն կլինի ե՛ւ ֆինանսական, ե՛ւ անձնական գործերում: Աշխատե՛ք Ձեզանից նեղացածների սիրտը շահել: Եթե կարողանաք ազատվել առաջին կասկածներից եւ ավելի քիչ սկեպտիցիզմ դրսեւորել, այդ հարաբերությունները կարող են հետաքրքիր ապագա ունենալ։ Տարին անձնական կյանքում կլինի ձեռքբերումների տարի, բայց պետք է այնպես գործել, որ դրանք շուռ չգան Ձեր եւ Ձեր շրջապատի դեմ:
Թվերը, որոնք կներկայացվեն Ձեզ, միշտ չէ, որ իրական են: Ստուգե՛ք դրանք եւ այդքան մի՛ վստահեք Ձեզ հավատարիմ թվացող մարդկանց: Հեղափոխականության շունչը՝ ահաբեկչության դեմ պայքարի տարաբնույթ ձեւաչափերով, կշարունակի պտտվել ձեր շուրջ: Շունը հավատարիմ կենդանի է եւ կարող է յուրահատուկ բացահայտումներ անել հավատարմության «բնագավառում»: Զգուշացե՛ք հատկապես որոշ ուժային կառույցների քծնանքներից. այս դեպքում միշտ չէ, որ հաճելին օգտակարը զուգակցված են: Շունը Ձեզ հրահանգում է չհետաձգել հիվանդությունների բուժումը, սա Ձեր թիվ մեկ հարցը պետք է լինի:
Շարունակելի…
Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց»
Թագուհի Թովմասյանը