Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին:
Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան
Աքաղաղի տարին անհաջող էր, կորուստներով լի: Պաշտոնի, ազդեցության, բիզնեսի եւ ֆինանսական միջոցների կորուստը ստիպեց երբեմնի վարար գետակներին ցամաքել, բարակել: Բայց ամեն ինչ դեռ կորած չէ: Շան տարին առջեւում է: Եթե գոնե այս տարի շան արդարամտությունն ու հավատարմությունը ոչ մի վայրկյան չդավաճանեն Ձեզ, հնարավոր է` գարնանը շոշափելի հաջողություններ ունենաք: Ապավինեք ինքներդ Ձեզ: Քավորությունը իրավիճակի լուծում չէ:
Գալիք տարում պետք է գործեք չկանխամտածված իրավիճակներում, արագ հարմարվեք փոփոխվող իրավիճակներին: Հնարավոր է` ստիպած լինեք լուծելու որեւէ բյուրոկրատական խնդիր: Այդ իրավիճակում Ձեզ կօգնի անսպասելիությունների հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը, ինֆորմացիայի հանդեպ պրոֆեսիոնալ մոտեցումը եւ հումորը: Գլխավորը. ջրհոսին սպասվում է մտերիմ մարդու հետ հարաբերությունների նոր որակ: Դուք կայունության կարիք ունեք. ժամանակն է քայլ անել եւ պաշտոնապես հաստատել Ձեր զգացմունքները:
Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց»
Թագուհի Թովմասյանը