Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ամանորյա տոներից հետո վերսկսվել է ակտիվությունը, եւ թեման կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում: Հատկանշական է փաստը, որ «բացումն» արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` նախօրեին հայտարարելով, թե խնդրի լուծման որոշումը պետք է հակամարտող կողմերը կայացնեն, եւ հավելելով. «Ակնկալում ենք, որ դրական ազդանշան կստանանք երկու կողմից էլ»:
Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը` օրակարգում, բնականաբար, ունենալով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը: Հիշեցնենք՝ Նալբանդյանն ու Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել էին դեկտեմբերին, որից հետո երկու երկրների ԱԳ նախարարներն էլ ասել էին, թե այն տեղի է ունեցել «ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում»: Այնպես որ, հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար կան որոշակի նախապայմաններ:
Այլապես հազիվ թե ԱԳ նախարարները նման հաճախականությամբ շարունակեին իրենց հանդիպումների շարքը: Եւ հետո, ինչպես իր վերջին հարցազրույցում էր նշել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, բանակցությունները ձեւական բնույթ չեն կրում, եւ դրանք շարունակվում են: Ու, փաստորեն, առաջիկա հանդիպումը եւս վկայում է բանակցությունների շարունակականության մասին, որքան էլ ուրիշները պնդեն, թե հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել:
Իհարկե, Նալբանդյան-Մամեդյարով այդ հանդիպումից լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Այս բանակցությունները հարկավոր են առնվազն կողմերի դիրքորոշումների թեկուզ փոքր-ինչ մերձեցման` չհամաձայնեցված հարցերի շուրջ կրկին խոսելու համար: Այնպես որ, այս ամենը շարունակական գործընթացի մաս է, որի արդյունքները կերեւան ավելի ուշ:
Ու բացի այդ` գոնե առաջիկա ամիսներին այս խնդրում հազիվ թե բեկում լինի. առաջիկայում Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ պետության հիմնական դեմքը լինելու է վարչապետը: Եւ Սերժ Սարգսյանը, որ հավանաբար զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, մինչ այդ չի համաձայնի կտրուկ քայլեր անել ղարաբաղյան ֆրոնտում` օգտվելով, բնականաբար, Ադրբեջանի պահվածքից: Իսկ Ադրբեջանն էլ թեեւ փորձում է ցույց տալ, որ ցանկանում է կարգավորել հիմնախնդիրը, կոնկրետ քայլեր չի անում այդ ուղղությամբ` զերծ մնալով սահմանին լարվածությունը թուլացնելուց:
Այնպես որ, բանակցային գործընթացում վերսկսված ակտիվությունը ծառայելու է կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: