ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈ՞ՒՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու: «Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբեւէ ծառայել են ՀՀ-ին, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան: …Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետեւյալն է՝ այստեղ բոլոր դեպքերում անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ բերել օրինակներ ե՛ւ հավերժ գնացածի, ե՛ւ հետ վերադարձի»,- ասել է նա։ Պարզ է, որ այս խոսքերն ուղղված էին առանցքային դեմքերին, ոչ թե մանր-մունր չինովնիկներին: Իսկ իշխանությունից հեռացած առանցքային դեմքերն այնքան էլ շատ չեն, ընդամենը մի քանի անուն. ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյան: Հետաքրքիր է՝ նրանցից ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:

 

 

Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի գլխավոր քարտուղար Դանիել Հաննանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջեւ կնքված համաձայնագրին: Հարցին, թե ՀՀ իշխանությունները մշտապես նշում են, թե Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄի եւ ԵՄ-ի միջեւ, արդյո՞ք կա նման հեռանկար, Հաննանը պատասխանել է. «Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ Մաքսային միությունը բացառում է նմանօրինակ հնարավորությունները: Այսինքն` նույն Բրիտանիան որոշել է դուրս գալ, այսպես կոչված, իրենց Մաքսային միությունից հենց այդ պատճառով»: Ինչ վերաբերում է համաձայնագրի արդյունքներին, ըստ Հաննանի. «Այս համաձայնագիրը Ձեզ ոչինչ տալ չի կարողանա, եթե Դուք ներքին փոփոխություններ չիրականացնեք»: Նա նաեւ նշել է, թե ՀՀ-ն լիովին ազատ չէ իր որոշումներում, այլ կախված է ՌԴ-ից:

 

 

 

Դեկտեմբերի 9-ին` ՏԻՄ եւ ՏԿ մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար` սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ…»: «ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց էր ուղղել` ի՞նչ է արել կամ անում դատախազությունը՝ համայնքապետերի ապօրինությունները բացահայտելու համար: «ՀՀ դատախազությանը հայտնի դարձող առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ պարունակող բոլոր տեղեկությունները ստուգվում են եւ արժանանում իրավական գնահատականի` առանց տարբերակում դնելու` դրանք առնչվո՞ւմ են համայնքապետերի, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանը»,- պատասխանել է դատախազը:

 

 

 

Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 42 միլիարդ 56,4 միլիոն հարկեր եւ տուրքեր: Այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերի հավաքագրումից ավել է 67 մլրդ 613 մլն դրամով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկեր եւ տուրքերը կազմել են 1 տրիլիոն 78 մլրդ 294,2 մլն դրամ: Այլ կերպ ասած` այս տարվա տասնմեկ ամիսներին հավաքագրված հարկեր եւ տուրքերը ընդամենը 36 մլրդ դրամով են զիջում անցած ողջ տարվա ընթացքում հավաքագրումների ցուցանիշին: Ի դեպ, ԵՏՄ ընդհանուր բյուջեից ստացված մաքսատուրքերն այս տարվա 11 ամիսներին, անցած տարվա համեմատ, աճել են ավելի քան 29 տոկոսով: Անցած տարի ԵՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե էր մուտքագրվել 47 միլիարդ 922 միլիոն դրամ: Իսկ այս տարի ԵՏՄ-ից ստացված մաքսատուրքերը կազմել են 62 միլիարդ 7 միլիոն դրամ:

 

 

 

ԽԵԼԱՄԻՏ ՊԱՅՔԱՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ
Սերժ Սարգսյանի հրավիրած ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ երեկ անդրադարձ է եղել ահաբեկչության դեմ տարվող պայքարին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման խնդիրները: Սերժ Սարգսյանն էլ «որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարեւորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը եւ միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը»:
Հատկանշական է փաստը, որ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով Սերժ Սարգսյանի հրավիրած ԱԱԽ նիստը հաջորդեց ԱԱԾ վերջին հաղոդագրությանը, ըստ որի` իրենք բացահայտել էին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու դեպք, երբ ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին սոցիալական ցանցում իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդար եւ բռնություններ կիրառելու մասին գրառումներ էր արել ու այդ նպատակով խմբեր կազմելու կոչեր հնչեցրել: Միայն թե, նկատենք, իշխանությունները նույն այս տրամաբանությամբ պետք է ձերբակալեն հանրապետության բնակչության մեծ մասին, հատկապես գյուղամիջում կամ զբոսայգիներում հավաքվող ու զրուցող ծերունիներին, որոնք որպես իշխանությունից ազատվելու եւ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու միակ ելք մատնանշում են պաշտոնյաների նկատմամբ հաշվեհարդարը: Ու սա այն պարզ պատճառով, որ հասարակական դժգոհությունն օրեցօր գնալով ավելանում է, եւ երբ հասարակությունը տեսնում է՝ ընտրությունների միջոցով չի կարող փոխել իշխանությանը, որպես վերջին քայլ մտածում է ծայրահեղ միջոցը: Այնպես որ, իշխանությունները ճիշտ կանեին, եթե նախ եւ առաջ մտածեին իրենց նկատմամբ օրեցօր խորացող հասարակական դժգոհությունների պատճառների մասին ու փորձեին վերացնել դրանք:
Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե իշխանությունները պետք է աչքաթող անեն ահաբեկչության դեմ պայքարի թեման, այն էլ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ղարաբաղյան հակամարտության առկայության պարագայում: Բավական է միայն հիշել Իսլամական պետության ահաբեկիչներին, որոնք վերջերս թափանցել էին անգամ Վրաստան: Ու որքան էլ Հայաստանը զբոսաշրջության համար համարվի անվտանգ պետություն, միեւնույն է` իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն: Ուղղակի այդ քայլերը պետք է լինեն տրամաբանության շրջանակներում եւ չարժեզրկեն ահաբեկչության դեմ պայքարը:




Լրահոս