2017թ. նոյեմբերի 5-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Աչաջուրը Տավուշի մարզի ամենամեծ գյուղերից է, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղն ունեցել է 4463 բնակիչ: Համայնքապետի թեկնածուները 4-ն էին, այդ թվում համայնքի գործող ղեկավար, Աչաջուրը 2013 թվականից ղեկավարած Կամո Ղալթախչյանը եւ Աչաջրի նախկին համայնքապետ, 1990-ական թվականների երկրորդ կեսին Աչաջուրը ղեկավարած Տաթեւ Գասպարյանը: Ընտրություններում հաղթեց գործարար, ՀՀԿ անդամ Կարեն Ղալթախչյանը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին լրացավ Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանի լիազորությունների ժամկետը, եւ Կարեն Ղալթախչյանը սկսեց որպես համայնքի ղեկավար պաշտոնավարել: Եւ համայնքապետարանում սկսվել է գործերի եւ փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը: Թվում էր, թե երկար չի տեւի գործընթացը, սակայն այն շարունակվում է մինչ օրս: Նորընտիր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը «Ժողովուրդ» օրաթերթ հետ զրույցում հաստատեց, որ հանձնման-ընդունման գործում խնդիրներ կան, եւ անընդհատ երկարաձգվում է պրոցեսը: