Ինչպես եւ սպասվում էր` Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Եւ այս առումով Ֆրանսիայի նախագահի խոսքում բավական ուշագրավ ուղերձներ կային:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը` ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը, այնուհետեւ հայտարարել է, թե. «Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, եւ այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»:
Իսկ Էմանուել Մակրոնը, ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` նախորդ տարվա հոկտեմբերին ժնեւում, իսկ արդեն այս տարի ԱԳ նախարարների` Կրակովում կայացած հանդիպումները, հույս է հայտնել, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների: Միաժամանակ նա նշել է. «Դա պետք է լինի համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»: Միաժամանակ Մակրոնը դրական է գնահատել երկխոսության ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր հանդիպում ու հույս հայտնել, որ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդական ջանքերը կբերեն արդյունք:
Հետաքրքիր «երկխոսություն» է ստացվել: Եւ այս առումով «Համարձակ փոխզիջման», նաեւ «խաղաղության քարոզման» մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերը, թերեւս, պատահական չէին: Մակրոնն այսպես հստակ ուղերձ է հղել ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին` հասկացնելով հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության մասին, մատնանշելով այդ ուղղությամբ արվելիք կոնկրետ գործողությունները, մասնավորապես խաղաղության քարոզումը, որքան էլ որ այն դժվար թվա: Այլ հարց, որ ադրբեջանական կողմը, հակառակ պնդումներին, թե խնդրի կարգավորման կողմնակից է, ամեն կերպ խուսափում է կոնկրետ քայլերից, այդ թվում` գոնե հայատյացությանը վերջ տալուց:
Չնայած, նախորդ շաբաթ էլ Ֆրանսիա էր մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` հանդիպելու իր պաշտոնակցին` Ժան Իվ Լե Դրիանին: Ու այնտեղ Մամեդյարովը հայտարարել էր, թե ներկայիս ստատուս քվոն անկայուն է եւ անընդունելի, եւ որ Բաքուն «առարկայական, ինտենսիվ եւ արդյունավետ բանակցությունների կողմնակից է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման նպատակով»: