Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը ՀՀ-ԵՄ համաձայնագրի պատասխան ապտա՞կն էր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է վաճառել Հայաստանի հետ զինված հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին:
Արդեն Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը: Իսկ, ընդհանրապես, վերջին տարիներին փորձագետների գնահատմամբ, Բաքուն Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական զենք: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով, թե երկու երկրների միջեւ սպառազինության վաճառքի նոր պայմանագրեր ստորագրելու հարցում որեւէ սահմանափակում չկա: «Սա մի գործընթաց է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այսօր ընթանում են բանակցություններ։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական արդյունաբերությունը զարգանում է, եւ, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում արդյունավետ է»,- հայտարարել է Ալիեւը:

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ձեռք բերված զենքի տեսակն արդեն հաջողությամբ կիրառվել է 2016թ. ապրիլյան մարտերի ժամանակ, ավելին՝ նոր խմբաքանակի մեծ մասը դարձյալ փոխանցվելու է առաջնագծի ռազմական ստորաբաժանումներին։

Այստեղ ուշագրավ է փաստը, որ չնայած ապրիլյան քառօրյա պատերազմի դադարեցման հարցում առանցքային դերակատարություն ունեցավ ՌԴ-ն, սակայն այդ երկրի պաշտոնյաները լռում են Ադրբեջանի՝ զենքի նոր խմբաքանակն առաջնագիծ փոխանցելու մասին հայտարարության առնչությամբ ու չեն փորձում գոնե հրապարակային դաշտում կանխարգելիչ որեւէ խոսք հնչեցնել, հիշեցնել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին:

Զարմանալի զուգադիպությամբ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր թափ ստացավ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո՝ Սերժ Սարգսյանի Ստրասբուրգ մեկնելու օրերին: Ճիշտ է` Հայաստանը միաժամանակ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, բացի այդ` ռուսական կողմը պաշտոնյաների մակարդակով բացահայտ չդժգոհեց ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, բայց եղան արձագանքներ. ռուսական հեռուստաընկերություններով Հայաստանը համեմատեցին ամուսնուն դավաճանած կնոջ հետ: Ու հիմա սպառազինության նոր խմբաքանակի վաճառքը կարելի է համարել հերթական անուղղակի արձագանքը հայ-եվրոպական համագործակցությանը:
Մեկ փաստ էլ. ՍերԺ Սարգսյանը բազմիցս անդրադարձել է սպառազինությունների ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությանը` բացահայտ դժգոհելով, սակայն, ինչպես տեսնում ենք, անօգուտ:




Լրահոս