ՊՆ-ի ճղճիմությունն ու քինախնդրությունը. ինչո՞ւ է անտեսվում Սարգիս Հացպանյանին Եռաբլուրում ամփոփելու նախաձեռնությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիահայ Սարգիս Հացպանյանը 1990 թվականին Փարիզից Հայաստան եկավ` ձեռքին ինքնաթիռի միայն մեկ ուղղությամբ տոմսով. նա անկախացման ուղին բռնած Հայաստան էր եկել մշտական բնակություն հաստատելու նպատակով: Սարգիս Հացպանյանն Արցախյան հերոսամարտին մասնակցած սփյուռքահայ ազատամարտիկներից մեկն էր: Հայրենիքի պաշտպանության ճանապարհին վտանգեց իր կյանքը, վիրավորվեց ռազմի դաշտում, բայց մարտնչեց հանուն ազգային իղձերի իրականացման: Սարգիս Հացպանյանը քաղաքական գործընթացների կիզակետում կանգնած անձնավորություններից էր, ում համար միեւնույն չէր հայրենիքի ճակատագիրը: Այդ գիտակցությամբ էլ նա միացավ 2008թ. համաժողովրդական շարժմանը: Բայց իշխանությունները չներեցին այդ քայլը: 2008թ. Հացպանյանը կալանավորվեց` համալրելով հարյուրավոր քաղբանտարկյալների շարքերը: Հետագայում ազատ արձակվեց ու էլի շարունակեց պայքարը` հանուն Հայաստանի ապագայի…

55-ամյա Սարգիս Հացպանյանի մահը մեծ հարված էր նրան ճանաչողների համար: Նա մահացավ Ֆրանսիայում, ուր մեկնել էր բուժման նպատակով: Եւ հիմա ազատամարտիկի աճյունը Հայաստան տեղափոխելու եւ «Եռաբլուր» պանթեոնում ամփոփելու համար ստորագրահավաք է սկսվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, չգիտես ինչու, փորձում է անտեսել այդ նախաձեռնությունը: Սկզբում արդարանում էին, թե համապատասխան դիմումը ստանալուց հետո նոր կքննարկեն ու որոշում կկայացնեն:

Երեկ էլ նախարարությունից ասել են, թե հուղարկավորությունը «Եռաբլուրում» կազմակերպելու համար որոշ ընթացակարգեր կան, որ անձը որոշակի մարտական ուղի անցած լինի: Այս պարագայում մարտական ուղու հետ կապված հիմնավորումներ դեռեւս ներկայացված չեն:

Համաձայնեք` սա կարելի է համարել ճղճիմության ու քինախնդրության յուրօրինակ դրսեւորում, հայրենիքի նվիրյալ զինվորի հիշատակի առաջ անարգանքի փորձ: Այլկերպ, թերեւս, չի կարելի բնութագրել նախարարության եւ, ընդհանրապես, իշխանությունների գործելաոճը: Ու միանգամայն պարզ է Հացպանյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու հարցում ցուցաբերված մանրախնդրության պատճառը. այս տարիներին նրա քաղաքական ու քաղաքացիական խիզախ կեցվածքն էր, որ իշխանությունները չեն կարող որեւէ կերպ մարսել: Ասել է, թե ընդդիմադիր գործչի համար տեղ չկա «Եռաբլուր» պանթեոնում, կամ եթե կա, ապա տարատեսակ փաստաթղթեր ու տեղեկանքներ ներկայացնելուց հետո նոր միայն. կարծես թե նրա անցյալը ոչ ոք չգիտի:

Շատ ցավալի իրավիճակ է:




Լրահոս